ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցներն իրենց հետեւանքները կթողնեն նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Իսկ թե կոնկրետ ինչպիսի դրսեւորումների ականատես կլինենք, տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը դեռեւս վաղ է համարում գնահատելը:
ArmLur.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ այդ ամենի հետեւանքները կախված կլինեն ՌԴ իշխանությունների եւ ԿԲ-ի որոշումներից. «Եթե Ռուսաստանն արժեզրկի ռուբլին, ինչպես եղավ 2015թ., կտրուկ զգալու ենք հետեւանքները՝ կնվազեն տրանսֆերտները, խնդիրներ կստեղծվեն հայ գործարարների համար, որոնք արտահանմամբ են զբաղվում»,- ասաց նա՝ հավելելով. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ՌԴ իշխանությունները, ԿԲ-ն ինչ քաղաքականություն կվարեն պատժամիջոցների դեմ»:
Միաժամանակ նա կարծում է, որ ռուսական էներգետիկ խոշոր ընկերությունները՝ Գազպրոմը, Ռոսնեֆտը եւ այլն, ֆինանսական խնդիրներ ունեն, ու հիմա կարիք ունեն օգտվելու դրսի ֆինանսական միջոցներից: Իսկ թե այս իրավիճակում ինչպիսին կլինի նրանց ճակատագիրը, դեռ անհայտ է: