ՀՀ Փաստաբանների պալատի պատասխանը քաղաքացիական համերաշխության պլատֆորմի հասարակական կազմակերպություններին:
Հարգելի գործընկերներ,
Ծանոթանալով Ձեր հրապարակային հայտարարությանը՝ հայտնում ենք հետևյալը.
Հայտարարությունը պայմանականորեն կազմված է երկու մասից: Առաջին մասում ներկայացրել եք Ձեր մտահոգությունները Հայաստանի Հանրապետության պետական մարմիների գործողությունների կապակցությամբ և Ձեր կոչը Հայաստանի իշխանություններին: Հայտարարության երկրորդ մասում ներկայացրել եք Ձեր մտահոգությունը ՀՀ փաստաբանների պալատի գործողությունների վերաբերյալ և Ձեր կոչը փաստաբանների պալատին:
Հայտարարության առաջին մասի վերաբերյալ որևէ դիրքորոշում չենք ցանկանում ներկայացնել, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրավապաշտպան կազմակերպությունների «միջամտությունը» հասարակական վերահսկողության դրսևորումներից է:
Մեզ անհանգստացնում է ՀՀ փաստաբանների պալատի վերաբերյալ Ձեր միակողմանի, չճշտված և պետական մարմինների հետ փաստաբանների պալատին արհեստականորեն նույնացնող չհիմնավորված դիրքորոշումը:
Մասնավորապես, Ձեր հայտարարությունում նշել եք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը և խորհրդի անդամները կողմնակալ ելույթներ են ունեցել:
Շտապում ենք Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կամ խորհրդի անդամներն իրենց ելույթներում Ձեր կողմից հիշատակված քրեական գործերով մասնակցող որևէ փաստաբանի վարքագծի գնահատական չեն տվել՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտման տեսանկյունից:
Նման պատասխանատու հայտարարություն կատարելու համար առնվազն պետք է ունենալ հավաստի փաստական տվյալներ, ուստի կխնդրեինք Ձեզ, որպես Ձեր աշխատանքի մեջ մասնագիտացած կազմակերպություններ, հրապարակել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների այն հայտարարությունները (ընդ որում առանց կրճատելու միտքը), որոնք պարունակում են փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջի խախտման մասին «կողմնակալ» գնահատական:
Վստահ ենք, որ այդ պնդումը կատարել եք Ձեզ միակողմանի ներկայացված «տեղեկատվության» հիման վրա:
ՀՀ փաստաբանների պալատին կոչ եք արել ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումից և կարգապահական պատասխանատվության որևէ միջոցի կիրառումից:
Ըստ Ձեր կոչի, նման վարույթները և միջոցները կարող են արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է «Փաստաբանության մասին» օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնների ԱԿՆՀԱՅՏ խախտումներին:
Այս կոչի հետ կապված Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել հետևյալ իրավակարգավորումներին.
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:
Նույն սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքն է փաստաբանի արարքի մեջ սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների ԱՌԵՐԵՎՈՒՅԹ առկայությունը:
Նախ` պետք է նշենք, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դեռևս չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական սանկցիան հանդիսանում է կարգապահական վարույթ հարուցելու, թե՛ առիթ, թե՛ հիմք, և դատական սանկցիաների դեպքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահը պարտավոր է հարուցել կարգապահական վարույթ: Կարգապահական վարույթ հարուցելը, այլ ոչ թե պատասխանատվության ենթարկելը, օրենքի պարզ պահանջն է և ելնելով օրենքի գերակայության սկզբունքից, փաստաբանների պալատի նախագահը պարտավոր է հարուցել կարգապահական վարույթ, ինչը դեռ չի նշանակում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկել։
Ըստ վիճակագրական տվյալների, քաղաքացիների, պետական մարմինների, դատարանների միջնորդության հիման վրա փաստաբանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների մեծ մասն, ի վերջո, չի հանգեցրել կարգապահական պատասխանատվության, քանի որ կարգապահական հարցերով զբաղվող մարմինը՝ խորհուրդը, խախտում չհայտնաբերելով, կարճել է կարգապահական վարույթը։
Այսպիսով, պետք է տարբերակել կարգապահական վարույթ հարուցելու և պատասխանատվության հարցը լուծելու փուլերը, որոնք երկու առանձին մարմինների կողմից իրականացվող, երկու իրարից անկախ, տարբեր նպատակներ հետապնդող, տարբեր ընթացակարգեր պարունակող և տարբեր նորմերով կարգավորվող գործընթացներ են։
Անդրադառնալով փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ հարկ ենք համարում նշել, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկվում է 12 անդամից ընտրված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից: Նշված հարցերի քննարկմանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահը չի մասնակցում: ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կարող է պատասխանատվության ենթարկել փաստաբանին միայն այն դեպքում, երբ առկա է փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում: Եթե փաստաբանի վարքագծում առկա չէ խախտում, ապա կարգապահական վարույթը պետք է կարճվի:
ՀՀ փաստաբանների պալատին ուղղված Ձեր կոչն առ այն, որ պետք է ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումից և կարգապահական պատասխանատվության որևէ միջոցի կիրառումից, իրավաչափ չէ, և կարող է գնահատվել, որպես միջամտություն անկախ և ինքնակառավարվող ՀՀ փաստաբանների պալատի գործունեությանը:
Ընդ որում, Ձեր կոչի մեջ ընդգծված այն սահմանը, որ նման վարույթները և միջոցները կարող են արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնների ԱԿՆՀԱՅՏ խախտումներին, նույնպես իրավաչափ չէ:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ՝ փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար..:
Նույն օրենքի 39.9 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է նշանակել միայն դիտավորությամբ կատարված ԱԿՆՀԱՅՏ կոպիտ կարգապահական խախտման դեպքում: Ինչպես տեսնում եք, օրենսդիրը խախտման ԱԿՆՀԱՅՏ հատկանիշը սահմանում է միայն արտոնագրի դադարեցում տույժը կիրառելու դեպքում:
Ձեր կոչ-առաջարկությամբ Դուք ցանկանում եք նեղացնել խորհրդի իրավասության շրջանակը և պատասխանատվության ենթարկելու հնարավորություն եք տեսնում միայն ԱԿՆՀԱՅՏ խախտման դեպքում:
Միևնույն ժամանակ հորդորում ենք Ձեզ ուսումնասիրել Փաստաբանների պալատի խորհրդի նախկին որոշումները, դրանց բովանդակությունը, ձևավորված պրակտիկան, վիճակագրությունը, որից պարզ կլինի, որ փաստաբանների պալատի խորհուրդն իր որոշումներն ընդունելիս առաջնորդվել է իրավունքի գերակայությամբ և հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքով, ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև հիմնարար իրավունքների վերաբերյալ այլ միջազգային նորմերի պահանջներով՝ հատկապես ուշադրություն դարձնելով փաստաբանի վարքագծին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականը և ՀՀ ներպետական օրենսդրությունը անիրավաչափ ճնշումներից պաշտպանում է նաև ՀՀ փաստաբանների պալատին, որի անկախությունն ուղիղ համեմատական է փաստաբանների անկախությանը:
Եվ այստեղ կապ չունի անիրավաչափ ճնշումը պետական մարմնի կողմից է, թե՝ հասարակական միավորման:
Վերոգրյալի հիման վրա կոչ ենք անում Ձեզ, Ձեր գնահատականներում պահպանել օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը:
Միաժամանակ՝
– հրավիրում ենք Ձեզ այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ փաստաբանների պալատի խորհրդի գործունեությանը, նույնիսկ պատրաստակամ ենք համատեղ միջոցառում, օրինակ` գիտաժողով անցկացնել խնդրահարույց հարցերի շուրջ.
– ակնկալում ենք, որ հրապարակայնորեն կներկայացնեք ՀՀ փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների՝ Ձեր կողմից կողմնակալ որակված ելույթները, որոնք հիմք են հանդիսացել Ձեր գնահատականների համար:
Հ.Գ. Այս գրությանը կից ներկայացնում ենք տեղեկանք, որտեղ համառոտ նշված է, թե ինչ գործողություններ է կատարել ՀՀ փաստաբանների պալատը նշված քրեական գործերի հետ կապված միջադեպերի կապակցությամբ:
Հարգանքով՝
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
նախագահ՝ Արա Զոհրաբյան