Գյուղացին կրկին միայնակ իր հոգսերի հետ. ոռոգման ջուր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան եւ Բաղանիս գյուղերում խմելու ջուր չկա: Բնակիչները 4 օրը մեկ անգամ են ջուր ունենում այն դեպքում, երբ երկու գյուղերի ջրամատակարարման հարցը պաշտոնապես տարիներ առաջ լուծված ու «փակվեծ» է համարվել՝ լուրջ ներդրումներ կատարելով:

Ու հիմա պարզվում է, որ շատ գյուղեր էլ շարունակում են դժգոհել ոռոգման ջրի պակասից: «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան, Սարիգյուղ, Սեւքար համայնքները տարիներ շարունակ ոռոգման ջուր չունեն:

Տեղեկացնենք, որ Սարիգյուղը ունի 636 հեկտար վարելահող, որը մշակելու համար անհրաժեշտ է ոռոգման ջուր, սակայն չունեն: Ներքին Ծաղկավանը 981 հեկտար վարելահող ունի: Իսկ Սեւքար համայնքը ավելի մեծ թվով վարելահողեր ունի՝ 1023 հեկտար: Սակայն այդ 3 գյուղերում ոռոգման ջրի բացակայությունը հնարավորություն չի տալիս ցանքերից մեծ բերք եւ եկամուտ ստանալ:

Տավուշի մարզխորհրդի հուլիսի 27-ի նիստում Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը բարձրացրեց 3 գյուղերի ոռոգման ջրի խնդիրը:
Հավելենք, որ 1355 բնակիչ ունեցող Սարիգյուղում տարիներ շարունակ խմելու ջրի հիմնահարցը սուր է, գյուղի կենտրոնում, միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող աղբյուրի մոտ հերթեր են գոյանում, կանայք եւ աղջիկներն այդտեղից են կրում խմելու ջուրը:

Իսկ այդ ընթացքում ՀՀ կառավարության անդամները չեն խորշում կրկնել, թե ինչ տիտանական ջանքեր են գործադրում մարզերի համաչափ զարգացման, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքներում բնակվողներին արտոնություններ տրամադրելու համար:

Ստացվում է՝ հերթական անգամ գործ ունենք զուտ օդի տատանումների տարաբնույթ դրսեւորումների հետ, իսկ իրական կյանքում գյուղացին միայնակ է իր հոգսերի մեջ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս