Ինչպես հայտնի է՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակվել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Կառավարության՝ օգոստոսի 3-ին կայանալիք նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց, որպեսզի նախարարությունը չափորոշիչների հիման վրա մշակի եւ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարությանը ներկայացնի մարզպետների աշխատանքների արդյունավետության գնահատման կարգի նախագիծը:
Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար կառավարությունն առաջարկում է հաշվի առնել հետեւյալ 11 չափորոշիչները. 1. տարածքային ՀՆԱ, 2. մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալ, 3.մարզում աշխատատեղերի թիվ, 4.համայնքային բյուջեների սեփական եկամուտները, 5.համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, 6.աղբահանություն եւ սանիտարական մաքրում, 7.մարզում ֆերմերային տնտեսություններ, 8.մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում, 9.աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, 10.դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, միջազգային /հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրներ, ուսումը միջազգային կամ ՀՀ ռեյտինգային բուհերում շարունակողներ, 11.առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը:
Ենթադրվում է, որ ըստ այդ չափորոշիչների էլ լուծվելու է մարզպետների հետագա պաշտոնավարման հարցը: Իսկ ինչպես են այս չափորոշիչներին վերաբերվում հենց ՀՀ մարզպետները եւ ինչ առաջարկություններ ունեն: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով «Ժողովուրդը» զրուցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանյանի հետ:
-Պարո՛ն Նալբանդյան, մշակվել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Ուսումնասիրե՞լ եք, որքանո՞վ են դրանք խիստ:
-Իմ կարծիքով՝ նորմալ չափորոշիչներ են բոլորն էլ: Ինչ-որ տեղ ճիշտ են այդ չափորոշիչները, եւ մարզպետն իր գործառույթներից դուրս պետք է նաեւ հստակ պատասխանատվություն կրի մարզի տնտեսության զարգացման համար:
-Չափորոշիչներից մեկն էլ համայնքային բյուջեների սեփական եկամուտներն են, որի հավաքագրման պատասխանատուն քաղաքապետերն ու գյուղապետերն են: Ստացվում է՝ եթե նրանք չկատարեն իրենց աշխատանքը, «պատժվելու» եք Դուք:
-Այս պարագայում մարզպետարանը նաեւ պետք է հետեւողական աշխատանք տանի, որպեսզի համայնքներում էլ նմանատիպ խնդիրներ չլինեն: Իհարկե, գնահատականն ինչ-որ մի ձեւով կարող է կախված լինել նաեւ համայնքներում կատարվող աշխատանքներից:
-Իսկ Ձեզ հետ՝ որպես մարզպետ, այս նախագծի շուրջ քննարկումներ անցկացվե՞լ են:
-Որպես այդպիսին ընդհանուր քննարկում չի եղել, եղել է գրավոր առաջարկ, որ եթե ունենք առաջարկություններ, մեր առաջարկությունները ներկայացնենք: Մենք մի քանի առաջարկություն ներկայացրել ենք:
-Կնշե՞ք մի քանի առաջարկություն, որոնք ներկայացրել եք, եւ ելնելով այդ չափորոշիչներից, ըստ Ձեզ՝ Ձեր աշխատանքն ինչպե՞ս կգնահատվի:
-Քանի որ մեծ փաթեթ է, ես այս պահին չեմ հիշում, թե ինչ նոր առաջարկներ ենք ներկայացրել: Վաղ է դեռ խոսել իմ աշխատանքի գնահատման մասին, սակայն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարզ իր առանձնահատկություններն ունենալու է այդ հարցում: Բնական է, ամեն մի մարզ տնտեսության զարգացման տարբեր ճյուղեր ունի: Առանձնահատկություններ լինելու են, միգուցե ներդրումային ծրագրերի առումով կամ ուսուցիչ-աշակերտ թվաքանակի առումով: Պարզ է, որ խիտ բնակեցված համայնքում ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը շատ ավելի նորմալ կլինի, քան Լոռու մարզի մեր համայնքներում, որտեղ փոքր համայնքներ կան: Այդտեղ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները մի փոքր ավելի շատ կտարբերվեն: Այսինքն՝ մարզերում խնդիրներ կարող են լինել, բայց ընդհանուր առմամբ պետք է, որ մարզպետը որոշակի չափով այդ չափորոշիչներով առաջնորդվի:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը