Ինչպես հայտնի է՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակվել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Կառավարության՝ օգոստոսի 3-ին կայանալիք նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց, որպեսզի նախարարությունը չափորոշիչների հիման վրա մշակի եւ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարությանը ներկայացնի մարզպետների աշխատանքների արդյունավետության գնահատման կարգի նախագիծը:
Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար կառավարությունն առաջարկում է հաշվի առնել հետեւյալ 11 չափորոշիչները. 1. տարածքային ՀՆԱ, 2. մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալ, 3.մարզում աշխատատեղերի թիվ, 4.համայնքային բյուջեների սեփական եկամուտները, 5.համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, 6.աղբահանություն եւ սանիտարական մաքրում, 7.մարզում ֆերմերային տնտեսություններ, 8.մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում, 9.աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, 10.դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, միջազգային /հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրներ, ուսումը միջազգային կամ ՀՀ ռեյտինգային բուհերում շարունակողներ, 11.առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը: Ենթադրվում է, որ ըստ այդ չափորոշիչների էլ լուծվելու է մարզպետների հետագա պաշտոնավարման հարցը:
Իսկ ինչպես են այս չափորոշիչներին վերաբերվում հենց ՀՀ մարզպետները եւ ինչ առաջարկություններ ունեն: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով «Ժողովուրդը» զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Կարոն Բոթոյանի հետ:
-Պարո՛ն Բոթոյան, մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներն ուսումնասիրե՞լ եք, որքանո՞վ են դրանք խիստ կամ տեղին:
-Նորմալ չափորոշիչներ են, ինչու են խիստ: Կարծում եմ՝ խիստ չեն, եւ մարզպետները պետք է համապատասխանեն այդ չափորոշիչներին:
-Օրինակ՝ դրանցից մեկի համաձայն՝ հաշվի են առնվելու համայնքային բյուջեների եկամուտները: Ստացվում է, որ քաղաքապետի կամ գյուղապետի թերացումն անդրադառնալու է նաեւ Ձեզ վրա: Որքանո՞վ եք դա ճիշտ համարում:
-Ես կարծում եմ, որ քաղաքապետի կամ ցանկացած համայնքի ղեկավարի աշխատանքի հարցում մեծ ներդրում ունի նաեւ մարզպետը: Այսինքն՝ եթե մարզպետը հետեւողական լինի, չեմ կարծում, որ համայնքապետը չաշխատի:
-Իսկ Ձեզ հետ այս չափորոշիչների շուրջ քննարկումներ եղե՞լ են:
-Որպես այդպիսին քննարկում չի եղել: Կոնկրետ ես որեւէ քննարկման չեմ մասնակցել:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը