Փաստաբաններ Գառնիկ Թուխտարյանը, Նիկոլայ Հակոբյանը, Թաթուլ Խուդատյանը, Արամ Օրբելյանը, Հունան Բաբայանը, Դավիթ Սրապիոնյանը և Նշան Մաթևոսյանը 2017թ. օգոստոսի 12-ին, որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու առաջադրել են փաստաբան Արա Զոհրաբյանին: Այս մասին քիչ ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արա Զոհրաբյանը:
Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի կունենա փաստաբանների պալատի նախագահի ընտրություն: Թե ովքեր են լինելու մյուս թեկնածուները, դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ դեռևս 2013 թ. ՓՊ նախագահի պաշտոնի համար պայքարում էին փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, սակայն նախագահ ընտրվեց Արա Զոհրաբյանը:
Ավելի ուշ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին կրկին առաջադրվելու որոշումը կայացրել եմ նախորդ 4 տարվա անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները վերլուծելուց և փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո: 2013-2017թթ. իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել բարի ցանկություններից վերածել գործնական իրականության միայն փաստաբանների պալատի աշխատակազմի, փաստաբանական համայնքի մեծամասնության աջակցության և մեր բոլորի համառ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ:
Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ` այս ճանապարհը միասին անցնելու, արտաքին ճնշումներին համարժեք պատասխանելու և ՀՀ փաստաբանների պալատը փաստաբաններին հարազատ ու մասնագիտական վայր դարձնելու համար: Գնահատել և ընդունել եմ մեր մասնագիտական համայնքն ավելի լավը դարձնելու խորհուրդները, առողջ քննադատությունները և առաջարկությունները:
Որպես կենդանի և զարգացող օրգանիզմ՝ ՀՀ փաստաբանների պալատը ուշադրության կենտրոնում էր, և հաճախ այդ ուշադրության հիմքում կառույցը ցնցումների ենթարկելու, դրականը մերժելու, մեզ պառակտելու ներքին և արտաքին դրսևորումներն էին, որոնք այդպես էլ չեն հաջողվել՝ կոփելով մեր կամքը և ավելացնելով մեր կուտակած փորձը: Ձեր ընտրությունը կարևոր է ՀՀ փաստաբանների պալատի հետագա զարգացման, առկա ավանդույթների պահպանման, փաստաբանների շահերի պաշտպանության և մեր պետության մեջ փաստաբանի դերն արժևորելու համար:
ՄԵՐ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»: