Կարեն Կարապետյանի նշանակումից հետո գլխավոր գումարելին չփոխվեց. ներդրողները խելոք մարդիկ են, լավ հասկանում են. Զոյա Թադևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձում է աշխուժացնել ՀՀ-ում կատարվող ներդրումները` այդ աշխատանքներին ներգրավելով նաև օտարերկրյա պետություններում հավատարմագրված դեսպաններին: Ընդգծենք, որ նման նախաձեռնություն եղել է նաև նախորդ կառավարությունների կողմից, սակայն արդյունք որպես այդպիսին չենք տեսնում: Ի վերջո, ինչն է խոչընդոտ հանդիսանում դեպի Հայաստան ներդրումների աճին:

ArmLur.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

-Տիկին Թադևոսյան, հիմա էլ փորձում են ներդրումներ ներգրավել դեսպանների միջոցով: Ի վերջո, ի՞նչն է խանգարում դեպի Հայաստան ներդրումների աճին:

– Հայաստանում առկա վիճակը պատճառի 80 տոկոսն է հաստատ: Ակնհայտ է, որ պատերազմական իրավիճակը, շարունակվող պատերազմը ներդրումների համար համարվում է շատ ոչ գայթակղիչ միջավայր: Ներդրումները շատ զգայուն են քաղաքական իրավիճակի փոփոխությունների հանդեպ, իսկ այդ պատերազմներն ավելի լուրջ վտանգ են սպառնում օտարերկրյա ներդրումներին, քան ներքաղաքական լարվածությունը, ինչպես օրինակ, ցույցերն են կամ տարատեսակ ակցիաները: Քաղաքական լարված իրավիճակը և շարունակվող պատերազմը հիմնական պատճառն է: Երկրորդ պատճառը Հայաստանում առկա կոռուպցիայի մակարդակն է: Միջազգային վարկանիշավորող կազմակերպությունների աղյուսակները եթե ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ Հայաստանի վիճակն այդ առումով բավական ծանր է և հենց կոռուպցիան է այն հիմնական պատճառներից մեկը, որը թույլ չի տալիս Հայաստան ներդրումներ ներգրավել:

Երրորդ պատճառը ես կհամարեի առաջինը, սակայն պատերազմող երկիր ենք, և սա կգնա մի փոքր հետ: Դա ժողովրդավարության տապալումն է: Հայաստանում ժողովրդավարությունն արդեն տապալվող երևույթ է և դա որևէ ներդրողի համար հույս ներշնչել չի կարող, հատկապես, որ ներդրողները ժողովրդավարական երկրներից են: Նրանց համար շատ կարևոր է, թե երկրի զարգացման քաղաքական հիմքն ինչպիսին է:

-Ձեր ասած խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարությունը հանձնարարականներ տալիս է, օրինակ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և հանձնաժողով է ստեղծում: Այսինքն, սրանք միայն հայտարարություննե՞ր են:

– Կարեն Կարապետյանի նշանակումից կարծես թե մեր ժողովուրդը մի ինչ-որ հույս ունեցավ, բայց գլխավոր գումարելին չփոխվեց: Այն գումարելին, որից կախված է եր երկրի զարգացումը , մնաց նույնը` իր թիմով, իր կլանով, իր մաֆիոզ կառույցներով և այլն: Հետևաբար այս պարագայում որևէ սպասելիք ոչ մենք կունենանք, ոչ էլ օտարերկրյա ներդրողների համար դա կարող է հետաքրքրություն ներկայացնել: Ներդրողները խելոք մարդիկ են, լավ հասկանում են, թե որտեղ իրեն գումարները ներդնեն: Իսկ հայտարարությունները ցանկություններ են, սակայն , երբ Կարապետյանը նշանակվեց առաջնորդ, նրա հենց առաջին քայլն այն էր, որ ներդրումներ  են ներգրավելու, սակայն դա չենք տեսնում: Իսկ այն, որ նա հանձնարարություններ է տվել դեսպանություններին, դա առևտրային կցորդների գլխավոր գործառույթներից է, եթե մինչև հիմա կարողանային նման քայլեր անել, կանեին:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս