ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ նախօրեին աշխատանքային այց է կատարել Արարատի և Արմավիրի մարզեր: Այցի նպատակն էր հետևել մարզերի մի շարք ընկերություններում մթերման կազմակերպման աշխատանքներին և ներկայացնել պետական աջակցության նոր ծրագրերը:
Այցի սկզբում նախարարը եղել է «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում: Ընկերության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը տեղեկացրել է, որ մթերման աշխատանքներն արդեն մեկնարկել են և ընթանում են առանց խոչընդոտների: Ավելացել են գործարանի արտադրական ծավալները, մասնավորապես, ընթացիկ տարում մթերվել է առավել քան 1500 տոննա ծիրան, ինչը շուրջ 50%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Նրա խոսքով` ընկերությունը հետաքրքրված է վերամշկող ընկերություններին մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով, ինչը նրա համոզմամբ, հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ կազմակերպել մթերումների դիմաց վճարումների իրականացման գործընթացը:
Արարատում նախարարն այցելել է նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ, որտեղ ընթացքի մեջ են լոլիկի, սմբուկի, բամիայի և բանջարեղենի այլ տեսակների մթերման աշխատանքները: Իգնատի Առաքելյանն ընկերության գործադիր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել մթերման աշխատանքներին, ընկերության հնարավորություններին:
Այնուհետև նախարարն ուղևորվել է Արմավիրի մարզ, այցելել «Իջևանի գինու գործարան» ԲԲԸ-ի Արմավիրի արտադրամաս, որը հիմնականում մասնագիտացված է պահածոների, հյութերի, մուրաբաների արտադրության ոլորտում: Ընկերության գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը նշել է, որ իրենց արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, եվրոպական երկրներ, փոքր քանակությամբ` նաև Չինաստան: Ըստ Ատոմ Եգորյանի` յուրաքանչյուր տարի ընկերությունում գրանցվում է ավելի քան 40% արտադրական աճ: Նա նույնպես կարևոր է համարել մթերման դիմաց մատչելի վարկերի տրամադրման ծրագիրը, որից մտադրված է օգտվել հատկապես խաղողի մթերման ժամանակ:
Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը եղել է նաև «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մթերման կետում, որտեղ ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ իրենց մոտ ևս մթերումներն ընթանում են սահուն, առանց խնդիրների: Արմեն Գասպարյանը նշել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է ներքին շուկայում և արտահանվում:
Իգնատի Առաքելյանի այցի վերջին կանգառը «ՄԱՊ» ՓԲԸ-ում էր, որտեղ նախարարը շրջել և հետևել է մթերումների գործընթացին:
Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ գործարանների գերակշիռ մասն արդեն սկսել են մթերումների գործընթացը, որն անցնում է կազմակերպված, առանց խոչընդոտների: Նախարարի տեղեկացմամբ` օգոստոսի 10-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:
Ընկերությունների ղեկավարների հետ զրույցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ մթերման վարկերի տրամադրման նոր ծրագրի պայմանները բավական գրավիչ են վերամշակող ընկերությունների համար: Ծրագրով ընթացիկ տարում յուրաքանչյուր տնտեսությանը կարող է տրամադրվել մինչև 150 մլն դրամ, հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ սուբսիդավորող գյուղվարկերը գյուղացիական տնտեսություններն արդեն հնարավորություն կունենան ձեռք բերել 5, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով: Նոր ծրագրով վարկերը կտրամադրվեն 3-10 մլն դրամի սահմաններում և կլինեն նպատակային:
«Մենք լինելու ենք հետևողական, որպեսզի բոլոր ծրագրերը ծառայեն իրենց նպատակին, և պետության աջակցությունը լինի թիրախավորված այն կետերին, որտեղ ունենք խնդիրներ», – ընդգծել է նախարարը:
Անդրադառնալով մթերումների դիմաց նախորդ տարիներին կուտակված պարտքերին՝ նախարարը նշել է, որ խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը, որը դեռևս պարտքեր ունի գյուղացիական տնտեսություններին: Նախարարը հավելել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմելու է իրավապահ մարմիններին պարտքի մնացորդը մարելու միջնորդությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին