ՆՈՐ ՎԱՐԿ` ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՅՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է ռազմական նոր վարկ ստանալու հարցը. այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Նոր բանակցություններ այս պահին, այսպես ասեմ՝ տարբեր քննարկումներ ունենում ենք: Բայց որեւիցե բան ֆորմալ դեռեւս չունենք: Նախնական պայմանավորվածություն բարձր մակարդակի ժամանակին եղել է, որ Ռուսաստանի հետ ներքին գներով մեզ ռազմամթերք մատակարարվի: Որպես ստրատեգիկ մեր գործընկեր համաձայնել էր, որ ներքին գներով դա մատակարարվի, եւ այդ շրջանակներում է բանակցությունները տարվում»,- ասել է նա` առանց մանրամասնելու, թե ինչ գումարի մասին է խոսքը:
Նախ նկատենք, որ Հայաստանի պետական պարտքը վաղուց ի վեր գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը. այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 140 մլն դոլար: Ու թեեւ իշխանությունները դեռ չեն բացահայտում նոր ռուսական վարկի չափը, բայց դժվար չէ ենթադրել` բավական կլորիկ գումար է լինելու: Անշուշտ, հանուն զինված ուժերի, արժի գնալ նման զոհողությունների. ի վերջո, բանակը նոր զինատեսակներով սպառազինելը պետության կարեւորագույն խնդիրներից մեկն է: Բայց նախարարի հայտարարությունը հիշեցրեց ոչ վաղ անցյալում սպառազինություն գնելու համար ռուսական 200 մլն դոլարի հայտնի վարկի պատմությունը: Եթե հիշում եք՝ 2015թ. հունիսին ստորագրվեց այդ փաստաթուղթը, բայց տեւական ժամանակ այն չէր իրագործվում, եւ միայն հաջորդ տարի իրականացվեցին զենքի մատակարարումները, այն էլ գործընթացն արագացնելու համար առիթ հանդիսացավ ապրիլյան չարաբաստիկ քառօրյա պատերազմը: Հիմա չի բացառվում, որ նոր վարկային համաձայնագրի ոչ միայն քննարկումները, այլեւ դրա իրագործումը եւս տեւեն տարիներ:

 

 

 
Նոր խորհրդարանում կարծես փորձ է արվում նվազեցնել միայն ճամփորդելու նպատակով գործուղման մեկնող պատգամավորների թիվը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ խորհուրդը որոշել է կանոնակարգել այս հարցը` ընդունելով համապատասխան որոշում: Ըստ այդմ, այլեւս պարտադիր է պատվիրակությունների նիստերի անցկացումը: Բացի այդ՝ պարտադիր է գործուղումից վերադառնալուց հետո գրավոր հաշվետվություն ներկայացնելը, ընդ որում, մինչեւ պատվիրակությունների` ԱԺ նախագահին հաշվետվություններ ներկայացնելը, պատգամավորներն առանձին-առանձին պետք է իրենց գործունեության վերաբերյալ գրավոր զեկույցներ ներկայացնեն պատվիրակության ղեկավարներին իրենց կատարած ու ծրագրելիք աշխատանքների մասին: Կարճ ասած, գործուղումից վերադառնալուց հետո պատգամավորները պետք է օրերով թղթեր լրացնեն, զեկույցներ ու հաշվետվություններ կազմեն. պրոցես, որը ոմանց դեպքում իսկական գլխացավանք կարող է դառնալ, եթե, իհարկե, վերջիններս չփորձեն արտոնյալի դիրքերից հանդես գալ ու խուսափել պարտավորությունների իրականացումից:

 

 

 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչեւ օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքի վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնեն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է տրամադրել Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, ինչից ՀՀ-ում խուսափել են մինչ օրս: Հիշեցնենք, որ Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, նա չի կարողանում ինքնուրույն քայլել: Բայց նրա նկատմամբ շարունակվում է որպես խափանման միջոց կիրառվել կալանքը. մի հանգամանք, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն երկու հոդվածի խախտում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները եվրոպացի որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ լրջորեն անհանգստություն են լսել Շիրխանյանի գործով: Արդեն Հայաստանում քննարկումների ժամանակ որոշ չինովնիկներ խոստովանել են, որ այս գործը պրոբլեմ է դառնալու:

 

 

 

Օպտիմալացման գործընթացը հիմա էլ հասել է հոգեբուժարաններին: ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկայում Երեւանի երեք` «Ավան», «Նորք» եւ «Նուբարաշենի» հոգեբուժարանները միացնել իրար: Այս քայլին ԱՆ-ն գնում է գումարներ խնայելու նպատակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ՝ օպտիմալացման արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 300 մլն դրամ: Մինչ առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ միացման արդյունքում կբարելավի հոգեբուժական ծառայությունը, կտնտեսվեն ֆինանսական միջոցները, «Նորք» հոգեբուժական կլինիկայի փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը հակառակ է պնդում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հոգեբուժարանների օպտիմալացման արդյունքում, բնականաբար, առաջին տուժողը հիվանդն է լինելու: Թեեւ, նրա համոզմամբ, կրճատումներն անխուսափելի կլինեն: Ի դեպ, հոգեբուժարանների միացման արդյունքում հավանաբար ֆինանսական մուտքերն ու ելքերը կտնօրինվեն «Նուբարաշենի» հոգեբուժարանի ղեկավարության կողմից: Այսինքն՝ «Նուբարաշենի» հոգեբուժարանի տնօրենը՝ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, կդառնա «սուպերտնօրեն»:

 

 

 
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանում ծայրաստիճան լարված վիճակ էր. հուլիսի 17-ի լուսադեմին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը, պատանդ վերցնելով ոստիկանության աշխատակիցներին` պահանջում էին իշխանությունների հրաժարականը: Առաջին օրերին հասարակությունը միանշանակ չընդունեց կատարվածը, առավել եւս, երբ գնդի գրավման ժամանակ սպանվել ու վիրավորվել էին ոստիկաններ: Բայց հետո հասարակության համակրանքն ակնհայտորեն շրջվեց դեպի «Սասնա ծռերը», հատկապես այն բանից հետո, երբ ոստիկանները փորձում էին վայրագություններով ու բռնություններով լռեցնել Խորենացու փողոցում ընթացող բողոքի ցույցերը, երբ արդյունքում տուժում էին ոչ միայն ցուցարարները, այլեւ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներն ու պատահական անցորդները: Երկու շաբաթ տեւած բանակցություններից հետո խմբավորման անդամները վայր դրեցին զենքերն ու հուլիսի 31-ին հանձնվեցին: Իրավիճակի հանգուցալուծումից հետո նաեւ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ուղերձով՝ հայտարարելով, թե եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը: «Ներհայաստանյան հասարակական եւ քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը… Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն: Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր եւ բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է»:
Եւ ի՞նչ, արդյո՞ք այս մեկ տարվա ընթացքում իշխանություններն արեցին համապատասխան եզրակացություններ, արդյո՞ք գնացին արմատական փոփոխությունների ճանապարհով: Իհարկե, ոչ: Միայն Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց: Բայց Սերժ Սարգսյանն այդ զոհաբերությունն արեց խորհրդարանական ընտրություններից առաջ փոփոխությունների իմիտացիա ստեղծելու նպատակով, հասարակության համակրանքը ՀՀԿ-ի օգտին ժամանակավորապես թեքելու համար: Առավել եւս, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը չէր հասցրել լինել պետական կառավարման համակարգում ու ընկալվում էր որպես նոր դեմք, որպես փոփոխությունների սիմվոլ. չէ՞ որ նրա մոտ լավ էին ստացվում ժիլետի ուղեկցությամբ տարբեր շոուները, թեեւ, եթե անկեղծ, ընտրություններից հետո նրա դրայվն ու շոուները օրեցօր նվազում են:
Իսկ խորքային փոփոխություններ, որպես այդպիսին, տեղի չունեցան: Ասվածի ապացույցը այս տարվա ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններն էին. իշխանությունները թեեւ բացահայտ կեղծիքների չդիմեցին, բայց համատարած ընտրակաշառք բաժանելու, վարչական ռեսուրսի եւ ահաբեկումների արդյունքում կարողացան ԱԺ-ում իշխող ՀՀԿ-ի համար բացարձակ մեծամասնություն ապահովել: էլ չենք ասում պետական կառավարման համակարգում, սոցիալ-տնտեսական ոլորտում տիրող վիճակի մասին: Մի խոսքով, քաղված դասերը սեփական իշխանության պահպանումն է եղել միայն:




Լրահոս