ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱԿՆԱՐԿԸ. ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը ցրեց այս օրերի ներքաղաքական կյանքի միապաղաղ վիճակը: Բայց, եթե անկեղծ, ապա նա որեւէ նոր հայտարարություն չի արել, պարզապես ուղղակի կամ անուղղակի կերպով հաստատել է հասարակության մեջ տիրապետող տեսակետները:

Այլեւս որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում փաստը, որ 2018թ. ապրիլից, երբ ավարտվեն նրա նախագահական լիազորություններն, ու նոր Սահմանադրության` ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո հաստատվի խորհրդարանական կառավարման համակարգը, վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է հենց Ս. Սարգսյանը: Իր վերջին հարցազրույցում այս մասին հարցին նա ուղիղ պատասխան չի տվել, բայց անուղղակի կերպով հաստատել է վարչապետ դառնալու հեռանկարը: «Ես բազմաթիվ անգամ ասել եմ եւ դա ես ասել եմ անկեղծորեն՝ առանց որեւէ բան պահելու, ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը, եւ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռեւս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա, արդյո՞ք էական է, էական չի, չէ՞։ Մեր երկրում տեղի է ունեցել քաղաքական պրոցես՝ ընտրություններ, մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է, ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածությունը: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց արդեն Հայաստանը անձնակենտրոն իշխանություն չունի։ Եվ կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է: Եվ մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ որ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին եւ չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարեւորը սա է», – ասել է նա:
Եթե հիշում եք` սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսելուց առաջ Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե ինքը խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում, նաեւ «չի հավակնի վարչապետի պաշտոնին»: Սակայն Սահմանադրության հանրաքվեից որոշ ժամանակ անց «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում Ս. Սարգսյանը չէր բացառել վարչապետ դառնալու հավանականությունը: Ավելի ուշ` այս տարվա մարտին, Ս. Սարգսյանն ասել էր, թե չգիտի` ինչ կարգավիճակով, բայց օգտակար է լինելու երկրի անվտանգության ապահովման գործին: Խորհրդարանական կառավարման նոր համակարգի պարագայում երկրի փաստացի ղեկավարի` վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավանականությունը նա չի բացառել նաեւ այս հարցազրույցում՝ ասելով, որ չի մտածել հաջորդ գործունեության ոլորտի մասին: Մինչդեռ, եթե Ս. Սարգսյանը չցանկանար դառնալ վարչապետ, ապա այդ մասին կհայտարարեր պարզ ու հստակ` հիշեցնելով երեք տարի առաջ հնչեցրած խոսքերը: Միաժամանակ այս համատեքստում ուշագրավ են Սերժ Սարգսյանի ակնարկները, որոնք ավելի շատ ուղղված էին վարչապետի հավակնորդներին, այդ թվում կառավարության գործող ղեկավար Կարեն Կարապետյանին: Նա հասկացրել է, որ էական չէ, թե ով կլինի վարչապետը, այլ էական է հանգամանքը, որ վարչապետի թեկնածուին առաջադրելու է ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժը` Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարն ինքն է: Այլ կերպ ասած՝ եթե անգամ ստացվի այնպես, որ վարչապետ դառնա մեկ ուրիշը, միեւնույն է՝ նա իրականացնելու է Սերժ Սարգսյանի ու վերջինիս ղեկավարած կուսակցության որոշումները:
Մեկ ուշագրավ փաստ եւս. Ս. Սարգսյանը, զբաղեցնելով պետության ղեկավարի պաշտոնը, մշտապես կարողացել է խուսափել պատասխանատվությունից` հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտի ձախողումները բարդելով նախկին վարչապետների եւ նրանց գլխավորած կառավարությունների վրա: Իր վերջին հարցազրույցում էլ Սարգսյանը զերծ չի մնացել այդ գործելաոճից: Լրագրողի դիտարկմանը` կարծիքներ հնչեցին, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ նախագահական ընտրությունների ժամանակ իր տված խոստումները ամբողջությամբ չի կատարել, ո՞րն է երաշխիքը, որ կառավարության այս ծրագրում տեղ գտած խոստումները կկատարվեն, նա ասել է. «Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որեւէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը, որոնք Դուք լսել եք ուրիշներից, ինքներդ չեք ուսումնասիրել, զետեղված են կառավարության՝ 2013թ.-ի ծրագրում, որը հաստատել է ԱԺ-ն…. Ընդ որում, ասել ենք, որ կառավարությունը նպատակադրվում է»: Նկատեցի՞ք, թե ինչպիսի անպատասխանատու վարքագիծ են որդեգրել իշխանությունները. երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացնելիս Ս. Սարգսյանը չի խոստացել որեւէ կոնկրետ ցուցանիշ, այլ համապատասխան թվեր նշված են եղել կառավարության ներկայացրած ու խորհրդարանի կողմից հաստատված ծրագրում, այն էլ` հեղհեղուկ ձեւակերպմամբ, որ իրենք նպատակադրվում են: Այսինքն` իրենք ուզում են, բայց կստացվի, թե ոչ, Աստծուն է հայտնի: Մինչդեռ հայտնի փաստ է, որ Հայաստանում, ուր իշխանությունը կենտրոնացած է մեկ անձի ձեռքին, ինքն է պատասխանատու նաեւ տնտեսության մեջ տեղի ունեցողի համար: Իսկ նա ընտրել է այս ճանապարհը` ունենալով նախկինի դառը փորձը. 2007թ. ԱԺ եւ 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական ծրագրերում նախանշված էին կոնկրետ ցուցանիշներ, սակայն եղավ հակառակը` աճի փոխարեն լուրջ անկում գրանցվեց: Ու դրանից հետո այլեւս նախընտրական ծրագրերում չամրագրվեց որեւէ թիվ, չտրվեց կոնկրետ խոստում՝ բավարարվելով միայն կենացներ հիշեցնող բարի ցանկությունների շարան հրամցնելով, որպեսզի որեւէ մեկը չկարողանա վերապահում ներկայացնել Ս. Սարգսյանին: Ինչ վերաբերում է կառավարության «նպատակադրված» ցուցանիշները չապահովելուն, այստեղ էլ Ս. Սարգսյանն ունի իր պատասխանը. «Դրա համար էլ կառավարություններ են նաեւ փոխվել»,- ասել է նա: Այլ կերպ ասած՝ հարմար պահի զոհաբերել է նախորդ վարչապետներին, չէ՞ որ կոնկրետ խոստում նրանք են տվել: Ի դեպ, հիմա նույն ճակատագիրն է սպառնում նաեւ Կարեն Կարապետյանի կառավարությանը, որը նպատակադրվել է ապահովել որոշակի ցուցանիշներ, որոնց իրականացումը դեռ հարցականի տակ է, եւ հետո՝ Ս. Սարգսյանն է ասել, թե. «Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները»: Եթե չստացվի, նրանց էլ «կճանապարհի»:
Հ.Գ. Ի դեպ, Ս. Սարգսյանն իր հարցազրույցում անդրադարձել է նաեւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, եւ պետք է նկատենք, որ նրա ասելիքը բավական ընկալելի էր եւ ստացված՝ ի տարբերություն Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին չստացված հայտարարությունների:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՇՐՋԱՊՏՈՒՅՏ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ
Մինչ Արմավիրի մարզի բնակիչները Աստված են կանչում եւ հաշվում կարկուտի կրած վնասները, հավերժական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վոյաժների մեջ է. նա մեկնել է Ռումինիայի Կլուժի նահանգ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նահանգում մարզպետը եղել է հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը, ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր: Մարզպետի գլխավորած պատվիրակությունը եղել է Սալինա Սուրդայի աղահանքերում, Սբ Նիկոլայի հայտնի վանքում, Սիկ գյուղում եւ այլն: Չնայած հագեցած ճամփորդությանը, անհասկանալի է` ինչ կտա համաձայնագիրն այն գյուղացիներին, որոնք այս օրերին չեն կարողանում իրենց վարունգը անգամ 20 դրամով վաճառել, չհաշված կարկուտի հետեւանքով առաջացած վնասները:

 

 

 

ԳՆԱՑ ԼՈՒՍԻՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ
Հայաստանի իշխանությունները կարծես թե լրջորեն նպատակադրվել են նվաճել տիեզերքը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը հուլիսի 17-21-ը գործուղվել է Ֆիլիպինների Հանրապետություն` տիեզերահեն եւ հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառմամբ աղետների կայունության ամրապնդման տեխնիկական աջակցության տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու համար: Գործուղումից հետո սպասվում է, որ Մխիթարյանը կներկայացնի հաշվետվություն, եւ պարզ կդառնա, թե Ֆիլիպիններում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, օրեր առաջ կառավարության օրակարգում ներառվել էր «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը, եւ դրական եզրակացության արժանանալուց հետո այն ուղարկվել խորհրդարան:

 

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ
Մեղադրող կողմը դժգոհ է 2016 թվականին գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Զուրաբյանի առանձնատներում կատարված գողության առթիվ դատավարության ելքից: Հիշեցնենք, որ Երեւանի բնակիչներ Շահեն Գասպարյանը կողոպտել էր ոչ միայն Բեգլարյանի ու Զուրաբյանի, այլեւ մի շարք այլ քաղաքացիների բնակարաններ: Հարուցված քրեական գորոծով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Շահեն Գասպարյանի նկատմամբ վերջնական պատիժ էր սահմանել՝ ազատազրկելով 11 տարի ժամկետով, իսկ նրա ընկերոջը` Նիկոլայ Հարությունյանին հանցագործությունը պարտակելու համար ազատազրկման էր դատապարտել 6 ամիս ժամկետով: Սակայն մեղադրող դատախազին չի գոհացրել դատավոր Մարինե Մելքոնյանի կայացրած ակտը, եւ նա բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ Շահեն Գասպարյանի պատիժը խստացնեն եւ նրան ազատազրկման դատապարտեն 13 տարի ժամկետով:

 

 
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Երեկ Մինսկում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը: Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Մինսկ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպումն անցկացվել է ընդլայնված կազմով, եւ քննարկվել են այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Հանդիպմանը մասնակցել է ԼՂ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

ԵՎՍ 10 ՀԵՆԱԿԵՏԵՐ
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է մարզում հիմնված նոր եւ արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը: ՀՀ ԱԻՆ-ը շարունակում է քաղաքացիական պաշտպանության հենակետերի տեխնիկական վերազինումը, արդիականացումը, ինչպես նաեւ նոր հենակետերի կառուցման աշխատանքները: Մոտ ապագայում նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության եւս տասը հենակետեր բացել Տավուշի եւ Վայոց ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում:

 

 

ՓԱԿ Է ԼԻՆԵԼՈՒ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-20-ը ներառյալ օրական մի քանի ժամով փակ է լինելու: Կատարվում են ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքներ, ինչի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես դադարեցնել ավտոմեքենաների երթեւեկությունը:




Լրահոս