«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՈՐԸ՝ ՈՒՆԵՑԱԾ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որ քննում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով աղմկահարույց քրեական գործը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահ հայտնեց, որ վախենալու ոչինչ չունի:

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը: Բախումների արդյունքում եւ դրան հաջորդող օրերին սպանվեց 3 ոստիկան, եւ վիրավորվեցին քաղաքացիներ:
2017 թվականի մայիսին հատուկ քննչական ծառայությունը ավարտեց այս դեպքերի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ ուղարկեց դատարան: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աղմկահարույց այս գործի քննությունը մակագրվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Այս գործով մինչ օրս տեղի է ունեցել շուրջ 3-4 դատական նիստ, սակայն քննությունը դոփում է տեղում: Բանն այն է, որ Արտուշ Գաբրիելյանը կա՛մ սանկցիաներ է կիրառում փաստաբանների նկատմամբ, կա՛մ դատական նիստերն է մի քանի ժամով հետաձգում: Մինչ օրս դատավորը չի կարդացել մեղադրական եզրակացությունը կամ առհասարակ ամբաստանյալներին չի հարցրել՝ ընդունո՞ւմ են իրենց առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:
«Ժողովուրդ»-ը դատավորի նյարդային պահվածքի, կիրառած սանկցիաների եւ ունեցած վախերի մասին զրուցեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ:
-Պարո՛ն Գաբրիելյան, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գործով դատական նիստի ժամանակ մշտապես նյարդային վիճակում եք, գոռում եք, Ձեզ համար դժվա՞ր քրեական գործ է, չե՞ք կարողանում նիստը վարել առավել հանգիստ հոգեվիճակում:
– Չէ՛, չէ՛, ջղայնանալը դրա հետ կապ չունի, ցանկացած, կարող է այն պրիմիտիվ գողություն առաջին մասով գործ լինի, ասենք թե լուրջ բան չլինի, դու բարկանաս, դա չի կարեւորը: Ուղղակի պահ կա՝ սովորական գործեր են, ես ասեմ, որ սա իմ համար մի արտառոց գործ չէ…, ես ավելի բարդ գործեր եմ լսել: Այնպես որ, բոլորի մոտ էլ ստացվում է, այդտեղ բան չկա:
-Դատական գործը դոփում է տեղում, Դուք մշտապես փաստաբանների նկատմամբ սանկցիաներ եք կիրառում, երբ նրանք Ձեր ինքնաբացարկի հարցն են բարձրացնում, ինչի՞ց եք վախենում:
-Ո՛չ, ո՛չ, ոչ մի հատ մտավախություն չունեմ, սանկցիան կիրառում ենք, երբ որեւէ դատավարական խախտում է տեղի ունենում, ինչ մտավախության մասին կարող է խոսք լինել: Եթե դատավարության ընթացքում դատավարության մասնակիցները օրենքով սահմանված կարգով խախտում են թույլ տալիս, դու պետք է կիրառես սանկցիա, ինչ մտավախության մասին կարող է լինել: Եթե դատավարության ընթացքում դատավարության մասնակիցներից մեկը որեւէ խախտում չի կատարել, դու ոնց կարող ես իր նկատմամբ սանկցիա կիրառել:
-Տեսակետ կա, որ ամեն ինչ անում եք, որպեսզի պաշտպաններին գործի քննությունից հանեք, փակ անցկացնեք նիստը կամ այս ճանապարհով Ձեր ցանկալի փաստաբանների ներգրավեք:
-Նորից եմ կրկնում՝ իմ պրակտիկայի ժամանակ ես բոլոր լրագրողներին հնարավորություն տվել եմ լուսաբանել, ինչի մասին է խոսքը: Եթե այսօր Պողոսն է պաշտպան, վաղը, մյուս օրը Կիրակոսը կլինի, ինձ համար ի՞նչ տարբերություն:
-Իշխանություններին ցանկալի պաշտպաններ կներգրավեք ու Ձեր ցանկացած հունով կտանեք գործի քննությունը:
-Հանրային կլինի, մասնավոր կլինի, ինչ կլինի, ինչ չի լինի, ես որեւէ խնդիր չունեմ: Դա պաշտպանյալն է, թող իր պաշտպանողի հետ խնդիրը լուծի, ինձ համար ով էլ ուզում է, թող գա դատարան, դատական քննության մասնակցի: Ես որեւէ մեկի հետ որեւէ խնդիր չեմ ունեցել, ավելի լավ, թող գա, պաշտպանեն իրենց պաշտպանյալների իրավունքները, որպեսզի հասնեն արդար դատաքննության, եւ արդար դատավճիռ կայացվի: Թե չէ, ինչ մտավախություն, մենք հո երեկ չէ առաջի օրվա գործը քննողը չե՞նք: Սովորական կանենք, ուղղակի մի քիչ ծավալն է մեծ, թե չէ ինչ մտավախության մասին է խոսքը:
-Չե՞ք վախենում, որ գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ դատավորի սխալի կայացրած ակտի կամ դատավարական ընթացքի մասին բարձրաձայնվի:
-Ես երբեք որեւէ դատավարական խախտում չեմ կատարի, եթե անգամ գնա, հասնի էլ Եվրոպական դատարան, ես կարծում եմ, որ իմ դատավճիռը չի բեկանվի, քանի որ ես դատավարական խախտում չեմ կատարի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՏՎԵԼ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչեւ օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է, որ իրենց տրամադրեն Վահան Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, քանի որ կառավարությունը, ըստ փաստաբանի, փորձել է խուսափել որոշ փաստաթղթեր ներկայացնելուց:

Ինչպես հայտնի է՝ Վահան Շիրխանյանին կալանքից ազատ արձակելու մասով գանգատ էր ներկայացվել ՄԻԵԴ: Գանգատում կողմը ՄԻԵԴ-ից խնդրում է ճանաչել Կոնվենցիայի երրորդ ու հինգերորդ հոդվածների խախտումները. Վահան Շիրխանյանի նկատմամբ Կոնվենցիայի հիշյալ հոդվածներով արգելված անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել, Կոնվենցիայի խախտմամբ Վահան Շիրխանյանը զրկվել է ազատությունից, եւ մինչեւ այժմ նա պահվում է անազատության մեջ:
Մեզ հետ զրույցում Հայկ Ալումյանը հայտնեց, որ կառավարությունը Եվրոդատարանի պահանջը չէր կատարել եւ բոլոր փաստաթղթերը չէր ներկայացրել: «Ուրեմն փաստաթղթեր կային, որոնք Վահան Շիրխանյանի առողջության հետ կապված էին, ամիսներ շարունակ մենք էինք պահանջում քրեակատարողական հիմնարկից, մեզ չէին տրամադրում: Կոնկրետ նրան բժշկական քարտը, մարդը ունի բժշկական քարտ, ու իր պաշտպանին այդ բժշկական քարտը չեն տրամադրում, դա անհեթեթության ծայրահեղ դրսեւորումներից է: Մենք դիմեցինք Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարան, որ նրանք միջնորդեն, դատարանի պահանջով էլ չտվեցին, ու դատարանը դա նորմալ ընդունեց: Գիտեք, ինքը (խոսքը դատավոր Արմեն Բեկթաշյանի մասին է, Ք. Մ) արագ վիրավորվում է, որ պարոն Շիրխանյանը ոտքի չի կանգնում, բայց որ քրեակատարողական հիմնարկը բացահայտ արհամարհում է դատարանի պահանջը, դա իրենք համարում են նորմալ: Ինչեւէ, այս ամենից հետո Եվրոպական դատարանը պահանջեց, Եվրոպական դատարանին էլ կիսատ ուղարկեցի: Հիմա այս անգամ Եվրոպական դատարանը հատուկ շեշտադրել է, որ բոլոր փաստաթղթերը բժշկական տրամադրեն: Ժամանակը տրված է մինչեւ օգոստոսի 3-ը»:
Մեր այն դիտարկմանը՝ ի՞նչ սպասելիքներ ունեն, արդյո՞ք ՀՀ կառավարությունը բոլոր փաստաթղթերը կտրամադրի, եւ դա ինչ կտա, Հայկ Ալումյանն ասաց. «Կտրամադրվի, կուղարկեն ու մի հատ էլ կխնդրեն, որ վերցնեն ու ներողություն կխնդրեն, որ չէին ուղարկել: Այնպես չի, որ չեն տրամադրի, ուղղակի այս մարդիկ այս ձեւով են հասկանում, երբ մարդ ասում է՝ իմ բժշկական քարտը տրամադրեք, իրենք իրենց իրավունք են վերապահում չտրամադրել: Իրենք ընդհանրապես կորցրել են իրենց դերը, այնքան կան, որ մտածում են՝ կարող են իրենց այսքան սանձարձակ պահել»:
Ավելին՝ ըստ Հայկ Ալումյանի՝ այս օրերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ոչ միայն Վահան Շիրխանյանի կալանքի մասով, այլեւ շատ կալանքի գործերով խնդիր ունի:
Հավանական է, ասաց փաստաբանը, որ մոտ ապագայում գործով վճիռ կայացվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գանգատը քննվում է առաջնահերթության կարգով: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը մեղադրյալ է ներգրավվել եւ կալանքի տակ է գտնվում 2015 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր խմբավորման» գործով: Նա իր ոտքով կալանավայր է մտել, իսկ հիմա չի կարողանում քայլել, հաշմանդամ է դարձել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԱՌԱՋԱՐԿԵԼ Է
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել է Աբովյանի եւ Հրազդանի ավտոկայարաններ: Աբովյան քաղաքի ավտոկայարանի մեծ սպասասրահի տարածքը չի օգտագործվում: Ավտոկայարանի շենքը հին է, խորհրդային տարիներին կառուցված, բայց լավ պահպանված է: Տարածքը նպատակային օգտագործելու նպատակով նախարարն առաջարկել է մշակել ավտոկայարանի զարգացման ծրագիր եւ հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ բոլոր երթուղիները ավտոկայարանում կենտրոնացնելու համար:

 

 

ՉԵՆ ԵՐԿԱՐԱՁԳՎՈՒՄ
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը փոխանցել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառվա ամիսներին ակտիվանում է հանգստյան մեկնող ՀՀ քաղաքացիների քանակը, եւ հիմնականում երկրից մեկնում են երեխաների հետ, ուստի անհրաժեշտ է իմանալ, որ մինչեւ 16 տարեկան երեխաներին տրված անձնագրերի վավերականության ժամկետները չեն երկարաձգվում: Հետեւաբար ճամփորդել ցանկացողներն իրենց ուղեւորությունը պլանավորելիս պետք է հաշվի առնեն նաեւ նշված հանգամանքը եւ նախօրոք դիմեն անձնագրերի փոխանակման համար:

 

 

 

ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Հուլիսի 16-ին Եղեգնաձոր քաղաքում՝ Նարեկացի փողոցի 8 հասցեի Եղեգնաձորի շուկայի մոտ, ընկույզի ծառից կախված դի է հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները շուկայի հարեւանությամբ գտնվող Ղռեր կոչվող տարածքում հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում հայտնաբերել է 30-35 տարեկան տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

 

ՉԻ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ
Հուրգադայում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի եւ զբոսաշրջության վայրերում, հետեւաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց: Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն: Հիշեցնենք, որ Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետեւանքով զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի: Չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս եւ մեկ չեխ, ստացել է մարմնական վնասվածք:

 

 

ԱՆԿՈՒՄ
Հայաստանում 2017թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեթեւ արդյունաբերության ոլորտի մի շարք արտադրատեսակների մասով անկում է գրանցվել: Մասնավորապես, այս տարվա հունվար-մայիս ամիսներին անկում է գրանցվել գորգերի արտադրության, գուլպաների ու բամբակյա հագուստի արտադրության ոլորտներում: Մոտ 4 հազար տոննայով նվազել է գորգերի, 150 հազար զույգով գուլպաների արտադրությունը:




Լրահոս