Կարկուտի դեմ պայքարում են հակակարկտային հրթիռային համակարգերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարկտահարության խնդիրը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող յուրաքանչյուր քաղաքացու համար: Թեեւ խոստումներ են հնչում, թե կարկտահարության դեմ ինչ-որ քայլեր են արվում, սակայն վերջնարդյունքում ոչինչ չի փոխվում:

Այս տարվա գարնանը Նոյեմբերյանի տարածաշրջանում գտնվող Դեբեդի հովտի դեղձի այգիները կարկտահարվեցին: Բերքի կորուստը մեծ էր: Իսկ մնացած դեղձերի մի մասը կարկտահարության հետեւանքով որակյալ չէր: Իսկ ապրանքային տեսք չունեցող միրգը հնարավոր չէր շուկայում վաճառել:

Տեղեկացնենք, որ Տավուշի մարզում միայն Դեբեդի հովտի համայնքներում են տեղադրված հակակարկտային համակարգեր, որոնց աշխատանքի արդյունավետությունը բարձր չէ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն հայտ է ներկայացվել Տավուշի մարզի Իջեւանի, Բերդի տարածաշրջաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանի մի հատվածում հակակարկտային սարքավորումներ տեղադրելու համար: Նրա խոսքերով՝ որպես պիլոտային ծրագիր Լոռիում փորձարկվում են հակակարկտային հրթիռային համակարգեր, որոնց արդյունավետությունը ստուգելուց հետո Տավուշի մարզին կարող են հատկացվել նման համակարգեր:

Բայց որպես ամենաարդյունավետ միջոց մարզպետը շարունակում է համարել այգիների ցանցապատումը: Հակակարկտային ցանցերը շատ երկրներում են կիրառվում եւ ուղղակի փրկություն են:

Վերադառնալով կարկտահարության հետեւանքով ապրանքային տեսքը կորցրած դեղձի թեմային՝ նշենք, որ Տավուշի մարզի միրգ վերամշակող ձեռնարկությունները, թեկուզ ցածր գնով, բայց այդ դեղձը չընդունեցին: Արարատյան դաշտի վերամշակող գործարաններ եւս չհասավ դեղձը, քանի որ ընդունման ցածր գներ էին առաջարկում: Բացի այդ՝ հարկ էր հոգալ Նոյեմբերյանի տարածաշրջանից մինչեւ գործարան մրգի տեղափոխության մեծ ծախսերը, որը ցանկացած այգեգործի համար լուրջ գումար է:

Այդ իսկ պատճառով Նոյեմբերյանի այգեգործները գերադասեցին կարկտահարությունից վնասված դեղձից տնական օղի թորել: Թե ինչպես կվաճառվի օղին, եւ ինչքանով կկարողանան գյուղացիները իրենց կուտակած վարկերն ու պարտքերը մարել օղու վաճառքից ստացված գումարներով, դժվար է ասել: Ամեն դեպքում կարկտահարության թեման շարունակում է մնալ ամենաարդիականը մեր երկրում գործունեություն ծավալող ցանկացած մակարդակի գյուղատնտեսի համար:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս