
Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հարակից տարածքում օգոստոսի 10-ից բռնկված հրդեհն անտառային կենսաբազմազանությանը պատճառել է մեծ վնաս։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այրվել են կաղնիներ, հացենիներ, թխկիներ, հատուկ նշանակության թփեր, գիհու արժեքավոր նոսրուտներ։ Այդ նոսրուտների ամբողջությունը համարվում է ռելիկտային անտառ, որը գրեթե չվերականգնվող է։ Նշված անտառային հատվածը բնապահպանական մեծ նշանակություն ունեցող տարածք է` յուրահատուկ և սակավ տարածում ունեցող լուսավոր (գիհու նոսրուտներ) անտառ։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։