Ժողովուրդը պետք է չսպասի, այլ ինքնակազմակերպվի. Ժիրայր Սէֆիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիր» ՔԿՀ-ից Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն է տարածել, որի մեջ ասվում է. «Այսօր, 2017թ․ օգոստոսի 14-ին հակառակորդի արձակած կրակոցից հերթական անգամ զինծառայող է զոհվել: Տարեսկզբից զոհված հայ զինծառայողների թիվը հատում է 40-ը:

Սահմանի վրա կորուստների պատճառը և գլխավոր մեղավորը. Կորուստների պատճառը մեզ կառավարող գաղութային համակարգն է, որի հենքը ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունն է, լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ հայաստանյան գաղութային վարչակազմը:

Քանի դեռ մենք ընդունում ենք դրանք, հաշտվում ենք դրանց հետ, հաշտվում ենք, որ առանց Արցախի և Նախիջևանի, առանց իրական ինքնիշխանության և ազգային կառավարության կարող է հայկական պետություն, Հայաստանի Հանրապետություն լինել, ոչ միայն պարբերաբար զոհեր ենք տալու, այլև, այսպես շարունակվելու դեպքում ռազմական պարտություն ենք կրելու և կորցնելու ենք ամեն ինչ:
Կորուստների գլխավոր մեղավորը գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանն է, որը գործում է անձնական շահի ու վախի թելադրանքով, և հանուն իր աթոռի ու հարստացման համակարգին է զոհաբերում մեր հայրենիքը, պետականությունն ու ժողովրդին, այդ թվում և առաջին հերթին՝ մեր երիտասարդ զինվորներին:

Սերժ Սարգսյանի վախկոտությունը և անձնական շահով առաջնորդվելն է հակառակորդին հնարավորություն տվել մեր դեմ կիրառելու հյուծիչ, սողացող պատերազմի մարտավարություն: Որովհետև նա վախի և շահի պատճառով համաձայնել է հակառակորդի խաղի կանոններին:

Սահմանի վրա կորուստներից խուսափելու և, առհասարակ՝ սողացող ցեղասպանության վերածված հյուծիչ պատերազմին վերջ դնելու միակ տարբերակը ժողովրդի և պետության մոբիլիզացիան է ընդդեմ հակառակորդի ոտնձգությունների: Նման մոբիլիզացիայի միջոցով մենք կարող ենք մեր կամքը պարտադրել հակառակորդին և ստիպել հրաժարվելու արյունաքամության իր մեթոդից:
Սակայն նույն անձնական շահից ելնելով, Սերժ Սարգսյանն ամենաշատը վախենում է զինված և մոբիլիզացված ժողովրդից, որովհետև այդպիսի ժողովուրդն արդեն ինքնիշխան սուբյեկտ է և չի հանդուրժելու գաղութային համակարգին և նրա ծառա Սերժ Սարգսյանին:

Իսկ հակառակորդը քաջատեղյակ է այս ամենի մասին և լկտիաբար շարունակելու է երիտասարդ կյանքեր խլել մեզանից: Այդ պատճառով մնում է մեկ տարբերակ: Ժողովուրդը պետք է չսպասի, այլ ինքնակազմակերպվի, մոբիլիզացվի և իր կամքը պարտադրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հակառակորդին»:




Լրահոս