Ինչից է սկսվել «Նաիրի Ինշուրանս»-ի և «Արմենիա Վայն»-ի դատական քաշքշուկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի եղբորը` Վահան Մկրտչյանին պատկանող «Արմենիա Վայն» ընկերությունն ընկել է դատարանի դռները: ArmLur.am-ը պարզել էր, որ 2017 թվականի հուլիսի 12-ին «Արմենիա Վայն»-ը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որպեսզի դատարանը պարտավորեցնի «Նաիրի Ինշուրանս»-ին տրամադրել ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարը: Նշել էինք, որ ամենայն հավանականությամբ, նախարար Լևոն Մկրտչյանի եղբորը պատկանող «Արմենիա Վայն» ընկերությունը գույքը ապահովագրել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ -ում: Ավելի ուշ «Արմենիա Վայն» ընկերության գույքը վնասվել է, եւ նրանք դիմել են ապահովագրական ընկերությանը, որ նա փոխհատուցի, սակայն «Նաիրի Ինշուրանսը» չի տրամադրել ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարը:

Մեր այս հրապարակմանն ի պատասխան  «Նաիրի Ինշուրանս»-ից պարզաբանել են.

«2017 թվականի հունվարի 12-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որում, համաձայն Ճանապարհային ոստիկանության կողմից կազմված նյութերի,մեղավոր է հանդիսացել «Նաիրի ինշուրանս» ընկերությունում ապահովագրված ավտոմեքենայի վարորդը:

Սակայն,«Նաիրի ինշուրանս»-ը, համաձայն չլինելով ՃՈ կազմած արձանագրության հետ, օգտվելով օրենսդրությամբ ամրագրված իրավունքից՝ սահմանված կարգով դիմել է կրկնակի փորձաքննության, որն իրականացվել է ԱՊՊԱ ոլորտում որակավորված փորձագիտական կազմակերպության կողմից՝ նորագույն ՃՏՊ մոդելավորման մեթոդաբանությամբ:

Կրկնակի փորձաքննության արդյունքների համաձայն՝ տեղի ունեցած պատահարում մեղավոր է ճանաչվել«Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի վարորդը:

Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրի ինշուրանս»-ում ապահովագրված ավտոմեքենայի վարորդի մեղավորությունը տեղի ունեցած պատահարում բացակայում է, ընկերությունն առաջնորդվելով ԱՊՊԱ օրենսդրության պահանջներով,իրավացիորեն մերժել է ապահովագրական հատուցման տրամադրումը«Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ-ին:

Ելնելով վերոգրյալից,կոչ ենք անում զերծ մնալ անտեղի շահարկումներից՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը գործել է բացառապես ԱՊՊԱ օրենսդրության շրջանակներում»:

Փորձեցինք կապ հաստատել նաև «Արմենիա Վայն» ընկերության հետ, սակայն մեր բոլոր ջանքերն անցան ապարդյուն:

 




Լրահոս