«Հրապարակ» թերթը գրում է. «Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցում այսօր նոր տնօրեն կընտրեն: Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը տեղի կունենա ժամը 13:00-ին, միակ հավակնորդը դպրոցի փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար, մաթեմատիկայի մասնագետ Լիլիա Պողոսյանն է: Հիշեցնենք, որ այս դպրոցի նախկին տնօրեն Աննա Ստեփանյանը մոտ երկու ամիս առաջ նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ: Լիլիա Պողոսյանը, ի դեպ, Ստեփանյանի մտերիմներից է, ունի 24 տարվա մանկավարժական ստաժ, հավաստագիր, շուրջ 18 տարի աշխատել է որպես փոխտնօրեն:
Եվ պատահական չէ, որ դպրոցում արդեն իսկ խոսվում է այն մասին, որ եթե այլ հայտեր էլ ներկայացվեին, դպրոցի խորհուրդը նրան էր ընտրելու ապագա տնօրենի պաշտոնում: Նշենք, որ տնօրենի հավակնորդը մրցույթում բանավոր ներկայացնում է դպրոցի զարգացման իր ծրագիրը: Տնօրենն ընտրվում է կրթական հաստատության կոլեգիալ կառավարող մարմնի՝ խորհրդի կողմից, փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 10 աշխատանքային օրվա ընթացքում տնօրենի պաշտոնին հավակնող հաղթած թեկնածուի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Նկատենք, որ թեեւ մրցույթն այսօր պետք է տեղի ունենա, սակայն «Դպրոց-կենտրոնների միավորում իրավաբանական անձանց միության» կայքում Լիլիա Պողոսյանը ներկայացված է ոչ թե որպես տնօրենի պաշտոնակատար, այլ տնօրեն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: