«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան-Արմավիր երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն փաստի առաջ է կանգնել: Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ արհեստական խոչընդոտներ է ստեղծվում իրենց համար, որպեսզի այս բիզնեսը տանեն սնանկության եւ տիրանան դրան: 2001 թվականին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված այս ընկերությունը մի շարք երթուղիներ սպասարկելուց բացի, ուղեւորափոխադրում է իրականացնում Երեւան-Արմավիր ուղղությամբ:
Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանից ընկերության ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հասնում են Արմավիր քաղաքի ավտոկայան եւ հակառակ ուղղությամբ 10 րոպեն մեկ պարբերականությամբ վերադառնում են մայրաքաղաք: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրել է Մուշեղ Խաչատրյանը, որի մահից հետո ընկերության կառավարումն իրականացնում է նրա դուստրը Շուշան Խաչատրյանը:
Ըստ ընկերության ներկայացուցիչ Արթուր Վարդանյանի՝ Երևան-Արմավիր երթուղով անցնում են Երևան-Արմավիր-Մյասնիկյան, Երևան-Արմավիր-Բաղրամյան, Երևան-Արմավիր-Բաղրամյան-Շենիկ, Երևան-Արմավիր-Քարակերտ և Երևան Մեծամոր երթուղիները: «Մյասնիկյան-Երևանը մեր գծի մեջ են դրել միտումնավոր: Գծում պետք աշխատի մի մեքենա, բայց աշխատում է մոտ 4-ը: Ամեն օր 5-6 անգամ երթուղի են դուրս գալիս: Մի մեքենան 2 անգամ պետք է գիծ դուրս գա:
Այս երթուղու մեքենաներն իրենց վերջնագիծ չեն գնացել. չեն կարող գնալ: Մյասնիկյանում այդքան բնակիչ չկա, դա մեկ, եւ երկրորդ` ներմարզային երթուղին կա, սա կոնկրետ դրել են այս գծի մեջ, որն աշխատում է Երեւան-Արմավիր երթուղով: Նույնը Բաղրամյան-Երեւանը, Երևան-Շենիկը, Երեւան-Արտենին է: Մենք դեմ չենք, որ փոխադրողները գործունեություն ծավալեն, բայց մեկնման եւ վերջնակետի պահպանմամբ պետք է դա լինի: Այդ ընկերությունները գալիս են Արմավիր եւ չեն գնում իրենց վերջնագիծ: Չվացուցակներում այդ ամենն ամրագրված է եւ կանոնակարգվում է նախարարի հրամանով»,- «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: