
Երեկ ՀՀԿ ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է արձակուրդից ու միանգամից անցել գործի: Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո Հանրապետության Նախագահին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է այդ պահի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի, ինչպես նաև մինչ այդ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված մեկ այլ անտառային հրդեհի մարման ուղղությամբ նախարարության և պետական այլ կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, նաև մասնավոր ընկերությունների աջակցությամբ իրականացված և ընթացիկ աշխատանքները:
Ինչպես հայտնի է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերը գումարվում են միայն Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Եվ քանի որ նա վերադարձել է, ArmLur.am-ը փորձեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից հասկանալ՝ արդյոք այս հինգշաբթի կարող է նիստ տեղի ունենալ: Վերջինս էլ նշեց, թե հնարավոր է: Նշենք, որ այդ նիստերի օրակարգերը ձևավորվում են հենց տեղում, սակայն դատելով, որ երկար ժամանակ է՝ ինչ նիստ չի գումարվել, օրակարգը կարող է հագեցած լինել:
Նաիրա Հովհաննիսյան