Դատավորների, դատախազի կաշառքի քրեական գործով հայտարարավել է նախաքննության ավարտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԾ-ում ավարտվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևան Շհոյանի պաշտպան Սարգիս Խաչատրյանը` նշելով, որ այժմ գործը ուղարկվել է կողմերին` ծանոթանալու համար. «Մինչ այդ ասել եմ եւ հիմա էլ ծանոթանալով նյութերին պնդում եմ, որ որեւէ հիմնավորում չկա, որ Սեւակ Շհոյանը կաշառք է վերցրել կամ նա է որեւէ մեկին խոստում տվել»:

Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ն բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու աղմկահարույց դեպք, ինչի արդյունքում կալանավորվել են Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը, եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը: Ասել է, թե կաշառքի գործով այս օրերին կալանավորված է 5 անձ: Իսկ ինչի համար էին, ըստ նախաքննության, վերոնշյալ անձինք կաշառք վերցրել: Բանն այն է, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի Սեւ հողեր կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել, ինչի արդյունքում կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանը: Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողները իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանը կալանավորվել է, եւ նրա գործը ուղարկվել է դատարան:

Հավելենք, որ օգոստոսի 9-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ ևս մեկ քրեական գործ է հարուցվել դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ:
Այսպես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ու նույն դատարանի դատավորի վերաբերյալ ծառայությունում քննվող քրեական գործով վկա, Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում է տվել, որ դատական կարգով համապատասխան ընկերության տարածքի մի մասը սեփականության իրավունքով ձեռք բերելու համար 2012թ.-ին դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին: Դրա համար Ա. Պետրոսյանը նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի միջոցով իրենից պահանջել է 6.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որի մի մասն ինքը փոխանցել է որպես միջնորդ հանդես եկած դատավորի օգնականի, իսկ մյուս մասը` դատարանի նախագահի վարորդի միջոցով: Տեղեկացանք, որ այս նոր քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ասել է, թե նոր քրեական գործը անջատել են, իսկ դատախազի ու դատավորների մասով հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ են հայտարարել:

Քնար Մանուկյան




Լրահոս