Հայաստանը պարտվել է եվրադատարանում. Կառավարությունը պետք է փոխհատուցի քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի հունիսի 15-ի վճռի համաձայն` ՀՀ դիմումատուին վճարել 3600 եվրոյին համարժեք դրամ: Ինչի արդյունքում, Հայաստանի կառավարությունը արդարադատության նախարարությանը առաջիկայում կհատկացնի 3600 եվրոյին համարժեք դրամ: Իսկ նշված գործով ՄԻԵԴ-ի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը այս տարվա սեպտեմբերի 15-ն է: Նշենք, որ ՀՀ քաղաքացու գանգատը ՄԻԵԴ ներկայացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Սեփականության իրավունքի վեճ է, եւ ԱՄՆ քաղաքացի Գեւորգ Դնգիկյանը Հայաստանի դատական ատյաններում հաջողության չի հասել դատական ակտի կատարման հարցում ու դիմել է ՄԻԵԴ:

Նշենք, որ 2003 թվականից մեկնարկած դատական քաշքշուկների ժամանակ Դնգիկյանը փորձել է տիրանալ Երեւանի կենտրոնում գտնվող իր պապական տանը: Ըստ դիմումատուի` պետական կառույցները անհրաժեշտ բոլոր միջոցները չեն ձեռնարկել իր օգտին կայացված վճիռը կատարելու համար` պատճառաբանելով, որ խնդրո առարկա ռեստորանային համալիրը դեռեւս գործում էր եւ այն չքանդելու համար բացակայում էին համապատասխան տեխնիկական սարքավորումները:
Արդյունքում, ՄԻԵԴ-ը իր վճռում նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռի չկատարումը ազդեցություն է ունեցել նաեւ դիմումատուի գույքային իրավունքների վրա` Եվրոպական դատարանն արձանագրել է նաեւ Կոնվենցիային կից` թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս