Երևանի քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ներկայացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերության կողմից Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրերի իրանացման ընթացքը: Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Վեոլիա ջուր» ընկերության և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները:
Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, խոսելով ծրագրի ընթացքի մասին, մասնավորապես անդրադարձել է համապատասխան պայմանագրով սահմանված ժամկետների պահպանմանն ու աշխատանքների որակին:
«Վերջին շրջանում մեր համաքաղաքացիների կողմից պարբերաբար դժգոհություններ ենք ստանում շինարարական աշխատանքների հետևանքով պատճառվող անհարմարությունների մասին: Ծրագրի իրականացումն, իհարկե, շատ կարևոր է մեր քաղաքի համար, սակայն միաժամանակ պետք է աշխատանքներն այնպես կազմակերպել, որ հնարավորին քիչ և կարճատև լինեն բնակչությանը պատճառվող անհարմարությունները: Այս ուղղությամբ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման վարչությունների կողմից վերահսկողություն կիրականացվի փողոցների երթևեկելի հատվածներում շինարարական, այդ թվում ասֆալտապատման աշխատանքները սեղմ ժամկետում ավարտելու նպատակով: Այս առումով առաջնահերթորեն պետք է ավարտել կրթական հաստատությունների հարակից տարածքներում տարվող աշխատանքները»,-ընդգծել է Կամո Արեյանը:
Նշենք, որ ՎԶԵԲ-ի աջակցությամբ վարկային ծրագրով մայրաքաղաքի մասնավոր տնատիրություններում իրականացվում է անհատական ջրաչափական հանգույցների կառուցում: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է 121 փողոց, որից 95-ում աշխատանքները կավարտվեն 2017 թվականին, իսկ 26-ում՝ 2018-ին:
«Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրով էլ մինչև տարեվերջ կավարտվի Երևանի 27 փողոցների ջրագծերի և ջրամատակարարման բաշխիչ ցանցերի բարելավումը: