ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՄԱՐԴԻԿ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` հուլիսի 19-ին Արցախի Ազգային Ժողովի հատուկ նիստում Բակո Սահակյանը վերընտրվել է հանրապետության նախագահի պաշտոնում: Նա երկիրը կղեկավարի անցումային փուլում` մինչեւ 2020 թվականը: Նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցը «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանն էր, ով ստացել էր 4 ձայն, իսկ Սահակյանը` 28 ձայն: Արցախի նախագահի ընտրությունների, հնարավոր զարգացումների եւ «Սասնա ծռեր»-ի դատավարությունների շուրջ «Ժողովուրդը» զրուցել է Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:

-Բակո Սահակյանն արդեն երրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Արցախի նախագահ: Կարծես թե այս փաստը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին: Այս տեսակետին եւ, առհասարակ, նախագահի այսպիսի ընտրությանն ինչպե՞ս եք վերաբերվում:
-Նախ ասեմ, որ մի անգամ էլ Ղարաբաղում, երբ որ պետական պաշտպանության կոմիտե է եղել, ես այն ժամանակ էլ էի պատգամավոր, եւ մենք անցումային փուլի համար այն ժամանակ նախագահ ընտրեցինք: Դրանից հետո համաժողովրդական ընտրություններ եղան: Հիմա քանի որ Սահմանադրություն է փոխվել, եւ անցումային այս փուլը համապատասխանում է երեք տարվա, կարծում եմ, որ դա որեւէ ժողովրդավարության չի խանգարում: Այնպես չէ, որ, ասենք, կծնվեր մի մարդ, ով կցանկանար, որ երեք տարով անցումային փուլում զբաղեցներ այդպիսի պատասխանատու պաշտոն: Նամանավանդ, երբ որ մենք տեսնում ենք պատերազմող երկիր ենք, եւ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ մենք պետք է միասին, մեկ խմբով ՀՀ-ի ողջ ժողովրդի հետ հաղթահարենք մեր առջեւ դրված այդ մեծ մարտահրավերը:
-Այսինքն՝ Բակո Սահակյանից բացի՝ այլ թեկնածու չե՞ք տեսնում, ով կկարողանար այդպիսի պաշտոն զբաղեցներ:
-Մենք թեկնածուներ ոչ թե չենք տեսնում… անփոխարինելի մարդիկ առհասարակ աշխարհում գոյություն չունեն: Նախ, եթե նոր թեկնածու լիներ, ապա նոր կառավարություն, նոր կաբինետ, նոր նախարարություններ, իսկ անցումային փուլում դա մեծ դժվարություն կլիներ: Այս կարճ ժամանակում դա չի կարելի, ընդհուպ, եթե պետք լիներ, մենք կարող էինք՝ ռազմական դրությունը երկարացնեինք, այդ դեպքում էլ մեկը կգար, կասեր` ինչո՞ւ եք ռազմական դրությունը երկարացնում, որ մնա նույն Բակո Սահակյանը: Իրականությունը սա է, որ մենք այժմ պետք է հաղթահարենք մեր առջեւ դրված դժվարությունը:
-Փաստորեն, կառավարման նախագահական մոդելը, ըստ Ձեզ, ամբողջովին համապատասխանում է Արցախին:
-Միանշանակ: Արցախում նամանավանդ պետք է միանձնյա ղեկավար: Նախագահական մոդելը պատերազմող եւ մեր երկրի նման երկրի համար միանշանակ ճիշտ է: Ես միանշանակ կողմ եմ, գտնում եմ ճիշտ, եւ դա միանգամայն հիմնավորված է:
-Ի՞նչ սպասենք անցումային փուլի ավարտից հետո: Ո՞ւմ եք այն ժամանակ տեսնում երկիրի ղեկավարի պաշտոնում:
-Ժամանակը ցույց կտա, թե ում ենք տեսնում երկրի նախագահ: Մենք չգիտենք, թե վաղն աշխարհում ինչ զարգացումներ են լինելու եւ որեւէ երկիր, այդ թվում, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նման հզոր գերտերություն չի կարող գուշակել իր վաղը, իսկ մեր երկիրն էլ շատ պայթյունավտանգ վիճակում է գտնվում:
-Իսկ Դուք Ձեզ պատկերացնո՞ւմ եք այդ պաշտոնում:
-Նորից եմ կրկնում՝ մենք դեռ երեք տարի ժամանակ ունենք, ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է: Ցանկացած մարդ իր սահմանադրական իրավունքը կարող է օգտագործել:
-Տարիներ առաջ Դուք Բակո Սահակյանի միակ մրցակիցն էիք, հիմա, փաստորեն, սատարո՞ւմ եք նրան:
-Ասեմ հետեւյալը. այստեղ սատարելու կամ չսատարելու հարց չէ: Նորից եմ ասում` մենք միասին պետք է մեր առջեւ դրված խնդիրները լուծենք: Թե ում ղեկավարությամբ, այս պահին, այս դրությամբ որեւէ մեկին հետաքրքիր չէ: Մենք խնդիր ունենք, որպեսզի մեր երկրի անվտանգությունը, սահմանների պաշտպանությունն իրականացնենք 100 տոկոսով եւ ավելի:
-Պարո՛ն Բալասանյան, անդրադառնանք «Սասնա ծռեր»-ի գործով դատավարություններին: Խմբավորման անդամները բարձրաձայնում են, թե իրենք բռնությունների են ենթարկվում:
-Նախ ասեմ հետեւյալը. այն ժամանակ մենք ինչ խոստացել էինք, մենք ամեն մեր խոստումը կատարել ենք: Ընդհուպ, երբ մենք զինված խմբից վիրավորներ ունեցանք, մենք ամենաբարձր մակարդակով իրենց մոտեցում ենք ցուցաբերել: Ժամանակին հեքիաթներ էին պատմում, որ դատապարտյալների հիվանդանոցում բռնությունների են ենթարկում, ոտնձգություններ են կատարել: Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, քանի որ վերջին ժամանակներս չեմ եղել, չեմ հանդիպել, բայց համոզված եմ, որ նույնն է հիմա եւ որեւէ մեկի նկատմամբ բռնություն չեն արել: Թե վերջին օրերին դատական պրոցեսներին ինչ է կատարվել, ես տեղյակ չեմ, քանի որ լրատվամիջոցներից եմ տեղեկանում այնքանով, որքանով: Կարծում եմ, որ այդպիսի բաներ չկան:
-Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց ինչպե՞ս կարող ենք ամփոփել տեղի ունեցածը. Դուք դերակատարություն ունեի՞ք հաշտեցման գործում, որից հետո պաշտոն ստացաք՝ դառնալով ԱԱԽՔ:
-Ես խորհուրդ կտայի բոլորին, այդ թվում լրատվամիջոցներին, օգնել, որպեսզի հետագայում նման բաներ տեղի չունենան: Նրանք, ովքեր այսօր խոսում են, գնահատական են տալիս, որ լավ կլիներ՝ կրակեին, լավ կլիներ՝ շարունակեին, լավ կլիներ այդ նկուղների տակ խոսողները, եթե այդպիսին են, ապա պետք է գնային, այդ ահաբեկչությանը կամ ապստամբությանը մասնակցեին: Հիմա էլ պետք է զերծ մնան նման հայտարարություններից եւ օգնեն, որ այդ դատական պրոցեսները նորմալ ընթանան: Ոչ թե փաստաբանները շոու անեն ամեն օր, տարբեր պատճառաբանություններ անեն, ամեն օր հետաձգեն: Չի կարելի վերածել շոուի, դա դատական պրոցես է, նույն խոսքս ուղղում եմ փաստաբաններին, պետք է զուսպ մնան եւ լուրջ աշխատանքներ կատարեն:

 

 

 
ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՓԱՅԼՈՒՆ Է

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դրական արդյունքներ է արձանագրել: Այդպիսի եզրակացություն նշված է ՀՅԴ բյուրոյի լիագումար նիստի ժամանակ ընդունված հայտարարության մեջ: «Քննելով կատարված աշխատանքների արդյունքները՝ ՀՅԴ բյուրոյի եւ գերագույն մարմնի համատեղ նիստն արձանագրում է, որ քաղաքական կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցությունը դրական արդյունքներ է արձանագրել եւ կարեւոր նշանակություն ունի երկրում համակարգային եւ խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու համար», – նշված է հայտարարության մեջ:

Չնայած երկրում առկա բազմահազար խնդիրներին, քաղաքացիների դժգոհություններին՝ 125-ամյա կուսակցությունը, չգիտես ինչու, դրական արդյունքներ է տեսնում: Սակայն մի պահ մտածելով՝ իրավամբ կարող ենք հասկանալ, թե խոսքն ինչ արդյունքների մասին է: Իհարկե, դրական արդյունքներ կան, սակայն հենց ՀՅԴ-ի համար: Ի վերջո, նրանք արդեն կոալիցիայի անդամ են, ունեն 3 նախարարական, 2 մարզպետի, փոխմարզպետների պորտֆելներ, իսկ նախորդ գումարման խորհրդարանի հետ համեմատած էլ մանդատների թիվը երկուսով ավել է: Այս ամենից բացի՝ էլ ինչ դրական արդյունքների մասին կարող է խոսք լինել. ի վերջո, նման հաջողություններ ունենում են միայն «ընտրյալները»:
Դեռ կոալիցիա կազմելու որոշումից առաջ էլ պարզ էր, որ քաղաքական այդպիսի պայմանավորվածություն չունենալու դեպքում ՀՅԴ-ն կարող էր քաղաքական բեմահարթակում իր տեղը չգտնել: Ի վերջո, տարբեր տարիների խորհրդարանական ընտրությունները եւս ապացուցել են, որ ՀՅԴ-ն ավելի շատ ձայներ հավաքել է հենց ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ եղած ժամանակ: Օրինակ՝ 1999 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն ստացել էր 84 հազար 232 քվե: 2003 թվականի մայիսի 25-ին ԱԺ ընտրություններում այդ ժամանակ փաստացի իշխանության մաս կազմող Դաշնակցության քվեների թիվը կազմել էր 136 հազար 270: 2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության օգտին գրված քվեների թիվը կազմել է 177 հազար 907: ՀՅԴ-ն երկու անգամ ձախողվել է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում՝ այդպես էլ չկարողանալով հաղթահարել նվազագույն 6 տոկոսի շեմը:
Նման պայմաններում ՀՅԴ ներկա ղեկավար կազմը չէր կարող չգիտակցել, թե 2017 թվականին իրեն ինչ ծանր փորձություն է սպասվում եւ ելք գտնելով՝ նրանք կոալիցիա կազմեցին եւ, իհարկե, այժմ միայն դրական արդյունքներ են տեսնում, չէ՞ որ առաջիկա հինգ տարիներին իրենց փայլուն ապագան ապահովված է:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՔՈԼԵՋԸ` ՀՅՈՒՐԱՆՈՑ
Գյումրու բժշկական պետական քոլեջը առաջիկայում կտեղափոխվի «Սամարիթեր» հիվանդանոց: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տեղափոխման հարցը երեկ քննարկվել է նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրի կատարվելիք այցի ժամանակ: Պատճառն այն է, որ Գյումրու պատմական միջուկի հիմնադրամը մտադիր է բժշկական քոլեջը վերածել հյուրանոցի: Ըստ մեր տեղեկությունների՝ քոլեջի՝ «Սամարիթեր» հիվանդանոց տեղափոխումը իրականացվելու է հիմնադրամի միջոցներով: Այսինքն՝ քոլեջի շենքը տրվում է հիմնադրամին, ինչի վերաբերյալ համապատասխան որոշումը առաջիկայում կներկայացվի կառավարությանը: Թե այս ամենի արդյունքում որքան է ներդնելու հիմնադրամը՝ քոլեջի շենքը հյուրանոց կառուցելու համար, հայտնի չէ: Բայց «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բժշկական քոլեջի տեղն ու դիրքը շատ հարմար է տուրիզմը զարգացնելու նպատակով հյուրանոց կառուցելու համար: Քանի որ այն գտնվում է երկու պատմական փողոցների հարեւանությամբ:

 

 

ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ԿՄԱՏՆՎԵՆ
ՀՀ կառավարման ոլորտի պասիվ աշխատանքային շրջանը սկսված է: Չնայած կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդ չի մեկնի, սակայն նախարարներն ու փոխնախարարները հնարավորություն կունենան մեկնել հանգստի՝ հիմնականում երկշաբաթյա: Հետաքրքիր է, որ միգուցե պատահական կերպով, սակայն հիմնականում փոխնախարարներն արձակուրդ են մեկնելու օգոստոսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Այնպիսի տպավորություն է, որ այդ շրջանում կառավարությունը պարապուրդի է մատնվելու, քանի որ հենց այդ շրջանում արձակուրդ են մեկնելու նաեւ մի քանի նախարարներ: Եվ այսպես՝ այդ շրջանում արձակուրդում կլինեն տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանը, ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանը, Էներգետիկայի եւ բնական պաշաների փոխնախարար Հայկ Հարությունյանն ու նախարարներ:

 

 

ԹԱՔՑՆՈՒՄ Է
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով մշտապես պարծենում է, որ երիտասարդ տարիքում հիմնադրել է «Քեթրին Գրուպ» ընկերությունը, խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված իր կենսագրականում այդ մասին ոչինչ չի հիշատակել: «Ժողովուրդ»-ը նկատեց, որ ԱԺ պաշտոնական կայքում նրա կենսագրականում ծննդյան մասին տեղեկությունից միանգամից անցում է կատարվում 1998-2000 թվականներին, եւ նշված է, որ այդ տարիներին նա ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում: Մինչդեռ Պողոսյանը ժամանակին հայտարարել էր, թե ինքը 1997 թվականին՝ 21 տարեկան հասակում, հիմնադրել է այդ ընկերությունը: Լրագրողների հետ գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում նա չի զլանում եւ հիշեցնում է, որ այդ ընկերության հիմնադիրն է, սակայն, չգիտես ինչու, ԱԺ կենսագրականում որոշել է այդ փաստը թաքցնել:




Լրահոս