ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը որեւէ անդրադարձ չարեց այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշներին: Մինչդեռ հետաքրքիր կլիներ լսել նրա մեկնաբանությունները թեկուզ այն պատճառով, որ դատելով ԱՎԾ երեկվա հրապարակումից՝ տնտեսական աճի տեմպերը վերջին ամիսներին սկսել են դանդաղել:

Ճիշտ է՝ ի վերջո կիսամյակի ավարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.1 տոկոս, որից իշխանությունները պետք է հպարտանային: Սակայն այդպես չեղավ, քանի որ վիճակագրական ցուցանիշներն ավելի մանրամասն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում տեմպերի նվազումը: Ըստ ԱՎԾ հրապարակման՝ եթե ապրիլի համեմատ՝ մայիսին 11.2 տոկոս աճ էր եղել, ապա հունիսի աճը, նախորդ ամսվա համեմատ, կազմել է 9.1 տոկոս: Այսինքն` նկատելի են աճի տեմպերի նվազում: Արդյունաբերական արտադրանքի աճը հունվար-հունիսին կազմել է 12.4 տոկոս: Բայց ամսական կտրվածքով երեւում է, որ մայիսի համեմատ՝ հունիսին այս ոլորտում անգամ անկում է գրանցվել` 3.4 տոկոսի չափով: Կիսամյակային կտրվածքով անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում` 1.4 տոկոսով, չնայած հունիսին գյուղատնտեսական արտադրանքն ավելացել է մի քանի անգամ: Շարունակում են նվազել շինարարության ծավալները` 10 տոկոսով, չնայած այստեղ էլ նախորդ ամսվա համեմատ՝ հունիսին աճ է եղել: Ընդ որում, տնտեսության մեջ նման վայրիվերումներ էին եղել նաեւ այս տարվա ապրիլին:
Միաժամանակ սկսել են դանդաղել պետբյուջեի հարկային եկամուտների գանձման տեմպերը: Թեեւ ընդհանուր առմամբ հունվար-հունիս ամիսներին հավաքված հարկերի գումարը տարեկան կտրվածքով ավելացել է 7,3 տոկոսով, սակայն ցուցանիշը հնարավոր է եղել ապահովել տարվա առաջին ամիսների «շնորհիվ», քանի որ հունիսից գործընթացը հակառակ ուղղությամբ է սկսել ընթանալ: Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ դանդաղման պատճառները կապակցված են մի շարք հիմնական հարկերից հավաքված գումարի կրճատման հետ։ Ու հիմա այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ տնտեսության մեջ սկսել են խնդիրներ առաջ գալ, դեռեւս ոչ ցցուն, դեռեւս ոչ կտրուկ, բայց արդեն իսկ նշմարելի:
Սոցիալ-տնտեսական ցուցանիշների մեջ, սակայն, առավել ուշագրավ է արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում տեղի ունեցողը: Ինչպես հիշում եք՝ իշխանությունները նպատակադրվել են տարեկան 5 տնտեսական աճից բացի՝ լուրջ բեկում արձանագրել արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում. Սերժ Սարգսյանն ԱԺ ուղերձում հայտարարել էր. «Արտահանման խթանման եւ մրցունակության բարձրացման հետեւանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչեւ ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետեւ նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչեւ ՀՆԱ 50-55 տոկոսը»: Այնուհետեւ կառավարությունն իր ծրագրում ամրագրել էր. «Արտահանման վրա հիմնված աճի ապահովման համատեքստում ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապրանքների եւ ծառայությունների արտահանման հարաբերակցությունը՝ ՀՆԱ-ի նկատմամբ հասցնելով 40-45 տոկոսի»:
Նկատենք, որ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Կարեն Կարապետյանի կառավարությունները իրենց խոստման մեջ փորձել են խորամանկության դիմել` «նպատակադրվելով» ավելացնել ոչ թե ապրանքների, այլ ապրանքների ու ծառայությունների արտահանումը: Այս դեպքում որոշ ժամանակ անց հնարավոր կլինի հասնել նախանշված սահմանագծին՝ հաշվի առնելով ծառայությունների` զբոսաշրջության եւ ՏՏ ոլորտի ծառայությունների արտահանման ծավալները: Բայց սա դեռ չի նշանակում, որ էապես կավելանա ապրանքների արտահանումը, դեռ ավելին` այն կգերազանցի ներկրմանը՝ կրճատելով արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը:
Բանն այն է, որ արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը շարունակում է խորանալ. հունվար-հունիս ամիսներին արտահանման ոլորտում գրանցվել է 21 տոկոս, իսկ ներկրման ոլորտում 25.8 տոկոս աճ: Այսինքն՝ այս կիսամյակում ներկրման ոլորտի աճի ծավալները միեւնույն է՝ գերազանցել են արտահանման ծավալներին: Բացարձակ թվերով հետեւյալ պատկերն է. առաջին կիսամյակի ընթացքում արտահանվել է 993.9 մլն դոլարի եւ ներկրվել 1 մլրդ 821.2 մլրդ դոլարի ապրանք: Այսինքն` ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցել են արտահանմանը, եւ արդյունքում առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 827.3 մլն դոլար:
Հ.Գ. Մեծ հաշվով կարեւոր չէ` ինչ ցուցանիշներ է խոստացել կառավարությունը եւ արդյո՞ք կկարողանա ապահովել դրանք: Սերժ Սարգսյանը վերջերս իր հարցազրույցով «քարտ-բլանշ» տվեց կառավարությանը՝ արդարացնելու ձախողումները. «Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք եւ շատ-շատ հզոր երկրները ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմնվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա»,- ասել էր Ս. Սարգսյանը եւ հավելել, որ կառավարությունն իր ծրագրերում ոչ թե խոստացել է համապատասխան տվյալներ ապահովել, այլ «նպատակադրվել է»: Այնպես որ, իշխանությունները նպատակադրվել են, բայց գործ ունենք պրոցեսների հետ, որոնք կարող է՝ ի չիք դարձնեն նպատակադրումները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ
ԱԺ ընտրությունների օրը ընտրակեղծարարության դիմած անձինք հայտնվել են տխուր իրավիճակում: Մի քանի գործով մեղադրող դատախազները դիմել են վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը, եւ որ նրանք պատիժը կրեն քրեակատարողական հիմնարկներում: Գրել էինք, որ ապրիլի 2-ին Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանը 16/3 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության էր դիմել: Ըստ Արմավիրում տարածված լուրերի՝ Կաղզվանցյանը ՀՀԿ անդամ է, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի կնոջ ազգականը: Այս արարքի համար նա ազատազրկման դատապարտվեց, սակայն դատարանը պայմանականորեն նրա պատիժը չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով: Հուլիսի 10-ին մեղադրող դատախազը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ ընտրակեղծարարի պատիժը խստացնեն, եւ նա կատարած արարքի համար 2 տարի ազատազրկման մեջ գտնվի: Բացի այդ՝ դատախազի կողմից նման պահանջ է ներկայացվել մեկ այլ ընտրակեղծարարի՝ Վանաձորի բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանի դեմ, որպեսզի նա էլ 2 տարի ազատազրկվի ու պատիժը կրի ՔԿՀ-ում: ԱԺ ընտրությունների օրը Հովհաննիսյանն էլ իր հերթին էր փորձել կրկնակի քվեարկություն անել: Ընտրակեղծարարների նկատմամբ իշխանությունների աննախադեպ խիստ պահվածքը, թերեւս, պատահական չէ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նրանք այսպես փորձում են միջազգային հանրության, մասնավորապես, ԵՄ-ի մոտ ցույց տալ, թե հետամուտ են ընտրակեղծարարներին խիստ պատժի արժանացնելու հարցում եւ որ անողոք են նման հանցագործություն կատարողների նկատմամբ: Իսկ պատճառը տարբեր ծրագրերով ԵՄ-ից գումարների ակնկալիքն է, հատկապես վերջերս ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկու քննադատություններից հետո:

 

 

ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԷԻՆ
«Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով դատական նիստերը շարունակում են պատուհաս դառնալ այլ գործով կալանավորված անձանց եւ ընթացող մյուս դատավարությունների համար: Երեկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատական առաջին նիստը: Այս գործով մեղադրյալ են Պետրոս Իսրայելյանը, քրեական հեղինակություն քյավառցի Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը` Բդո մականվամբ: Սակայն դատավորը հայտարարել է, որ ամբաստանյալները դատարան չեն բերվել ուղեկցող խմբի ծանրաբեռնվածության պատճառով:

 

 

ՀԵՐԹԻՆ Է ՍՊԱՍՈՒՄ
Հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, չնայած պաշտոն չի ստացել, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե այժմ վայելում է հանգիստը եւ զբաղվում է կուսակցական աշխատանքներով, քանի որ հանդիսանում է Գյումրի քաղաքի ՀՀԿ կառույցի ղեկավար: Մեր դիտարկմանը՝ որեւէ պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք, նա բացասական պատասխան տվեց, սակայն ընդգծեց, որ սպասում է նման առաջարկի եւ ամենեւին էլ կուսակցությունից նեղացած չէ, որ գործընթացներից դուրս է մնացել:

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

 

 

ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱՀԱՆՁՆՎԵԼ
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է արտահանձնվել Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա: Այս մասին ասել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը: «Լապշինը կարող է պատիժը կրել այլ երկրում, մասնավորապես Իսրայելում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում, քանի որ նա այդ երեք երկրի քաղաքացի է: Դա թույլ են տալիս միջազգային կոնվենցիաները»,- ասել է փաստաբանը: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել է ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը:
 

ՄԵԿԻՆ
Երեկ ՀՀ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության տրամադրման կարգը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Ընդունած որոշմամբ, եթե խաղատան հիմնադիրները մի քանի ներդրողներ են, ապա լիցենզիան կտրամադրվի նրանցից մեկին մյուսների համաձայնությամբ»,-նշել է նախարարը: «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի համաձայն՝ նոր խաղատներ կարող են կառուցվել հատուկ հատկացված գոտիներում:

 

 

 

ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԵՆ
Երեկ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերի հետ կապված խնդիրներին: Ըստ նրա` իրենց որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչեւ 85, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաեւ մասնավոր կազմակերպությունների: Վարչապետը նշել է, որ պետք է նաեւ հատուկ ուշադրություն դարձնել գերատեսչական իրավական ակտերով սահմանված կարգավորումներին. «Մեկ ամիս հետո նման դեպքերը պետք է բացառվեն: Մենք հիմա չենք հայտարարում, թե որ գերատեսչություններն են, յուրաքանչյուրը երեւի գիտի: Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է»:

 

 

«ՊԼՅՈՒՍՈՎ ԵՆ» ԱՇԽԱՏՈՒՄ
Երեկ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նոր նախագիծ, ըստ որի՝ բժիշկներն անցնելու են էլեկտրոնային համակարգի: «Windows համակարգը կես տարին մեկ կամ մեկ տարին մեկ թարմացնում ենք, ինչ-որ մեկն այդ թարմացումների վրա աշխատում է: Նույնն էլ էլեկտրոնային առողջապահական համակարգն է, այս համակարգն էլ պետք է զարգացնել ու սպասարկել, դա իր գոյության գրավականն է»,- ասաց նա: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պոլիկլինիկան ապացուցում է, որ իրենք «պլյուսով են» աշխատում, նախարարն արձագանքել է. «Շատ լավ, էդ դեպքում նրանք կմասնավորեցնեն իրենց պոլիկլինիկան, եւ շահույթը կստանան իրենք, ոչ թե պետությունը»:




Լրահոս