ArmLur.am-ը հայտնել էր, որ ծառահատումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզում: Մասնավորապես, օրերս հատվել են Վարդենիսի Կարճաղբյուր համայնքի մերձակայքում տեղակայված N զորամասի բակի ծառերը: Նշենք, որ ArmLur.am-ը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երեւում են հատված ծառերը: Ըստ այդ լուսանկարների` հատված ծառերը հաստաբուն եւ միաժամանակ առողջ են:
ՀՀ բնապահպանության նախարարությունից զորամասում հատված ծառերի հետ կապված ArmLur.am-ին պարզաբանեցին, որ այդ դրանք զորամասի էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեությանը խանգարել են: Արդյունքում ծառերի համապատասխան հատումներ իրականացնելու պահանջով պաշտպանության նախարարությունը դիմել է բնապահպանության նախարարությանը: «Համապատասխան ուսումնասիրություններից հետո տրվել է թույլտվություն: ՚Սեւան ազգային պարկՙ ՊՈԱԿ-ի տեսուչը բոլոր հատումներին ներկա է եղել եւ հետեւել է հատման իրականացմանը: Դրանք եղել են ավելի քան 70 տարվա բարդիներ»,- փոխանցեցին բնապահպանության նախարարությունից:
Իսկ ահա «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ծառահատումները իրականացվել են զորամասի տարածքում: «Նշահարվել են այն ծառերը, որոնք պետք է հատվեին, հեռացվեին: Իրականում ինչը մենք տեսել ենք, եղել են վտանգավոր ծառեր: Այսինքն 15-20 մետրանոց ծառեր էին, որոնց բներն արդեն փտած էին: Այդ ծառերը 50-70 տարվա են, իսկ նման դեպքերում ներսից բնափայտը սկսում է փտել, թեեւ կեղեւը կանգնած է, բայց մեջը ամբողջությամբ դատարկ է: Իսկ թեթեւ քամու դեպքում ամբողջությամբ 80 սմ հաստության 15-20 մետրանոց ծառը ընկնի գետին, պատկերացնում եք, թե ինչ կլինի»,- նկատեց ՊՈԱԿ-ի տնօրենը: Նա նշեց, որ այս խնդիրը առկա է նաեւ զորամասի մոտակայքում` Կարճաղբյուր համայնքի վարչական տարածքում: Ապա`տեղեկացրեց, որ մի քանի դեպքեր կան արձանագրված, երբ քամուց ծառերը ընկել են ճանապարհի վրա կամ անտառում: