«Ելք»-ը նոր օրինագիծ է դնում շրջանառության մեջ, որը կբացառի պատգամավորների ու կալանավորների հանդիպման արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ «Ելք» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դնելու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ բացառելու համար այն դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկները ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց տեսակցությունների վրա նախաքննության մարմինը արգելք է դրել, տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Նման արգելքն, իհարկե, ապօրինի է, և մեր դիրքորոշումը արտահայտվում է նախագծի հիմնավորման մեջ», – սոցցանցի իր էջում գրել է պատգամավորը ու ներկայացրել ներկայումս տիրող իրավիճակն ու առաջարկվող լուծումները:

Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի և մուտքի իրավունք ունեն և նման իրավունք վերապահված է նաև ԱԺ պատգամավորին։ Ու չնայած նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և ակնհայտ է, որ 48-րդ հոդվածով սահմանված են հենց նման դեպքեր, անձանց շրջանակ, որոնց հետ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները չի կարելի արգելել, որովհետև օրենքը նրանց օժտել է ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել, այսինքն՝ առանց որևէ արգելքի մուտքի և ելքի իրավունքով, քրեկատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը և մասնավորապես արգելում են ԱԺ պատգամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից։ Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորի գործունեության արհեստական և ոչ իրավաչափ խոչընդոտների։

Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել։




Լրահոս