Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել «Բյուրեղ հանքային ջուր» ընկերության պետական բաժնեմասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը մտադիր է մասնավորեցնել «Բյուրեղ հանքային ջուր» ընկերության պետական բաժնեմասը: Ընկերության պետական սեփականություն հանդիսացող շուրջ 9 տոկոս բաժնեմասի տնօրինման լիազորությունները դեռեւս 2010 թվականից վերապահված է պետական գույքի կառավարման վարչությանը: Պետական գույքի կառավարման վարչությունը նախատեսում է ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձեւով: Դրանք մտադիր են ձեռք բերել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 3 մլն 790 հազար դրամ: Այսինքն, ընկերությունն ունի ընդհանուր 37 հազար 900 հատ սովորական անվանական բաժնետոմսներ` յուրաքանչյուրը 100 դրամ արժեքով:
Իսկ ահա ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը կազմում է ավելի քան 9 տոկոս` 3424 հատ բաժնետոմս` 342 հազար 400 դրամ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Բյուրեղ հանքային ջրի» ՓԲԸ-ն այժմ գործունեություն չի ծավալում: Ընկերությունն ունի միայն մեկ` տնօրենի հաստիք: Ի դեպ, նշենք, որ խոսքը «Բյուրեղ» ապրանքատեսակի մասին չէ, որը արտադրվում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից: «Բյուրեղ» ապրանքատեսակը ոչ մի առնչություն չունի «Բյուրեղ հանքային ջուր» ՓԲԸ-ի հետ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս