
Օգոստոսի 15-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին ընդունեց Համայն Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Եսայանն ընդգծեց երկու եկեղեցիների մեծ դերակատարությունն ինչպես հայ և բելառուս ժողովուրդների կյանքում, այնպես էլ՝ քրիստոնեական ավանդույթների պահպանման, ազգերի և քաղաքակրթությունների միջև հոգևոր համագործակցության գործում՝ հավելեով, որ պատիվ ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից միտրոպոլիտ Պավելին փոխանցել Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը:
Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ընդգծելով հոգևոր ոլորտում երկու եկեղեցիների հետագա համագործակցության կարևորությունը երկու երկրների և ժողովուրդների փոխհարաբերությունների ամրապնդման գործում, բարձր գնահատեց աշխարհասփյուռ հայության միավորման և ազգային ավանդույթների պահպանման գործում Հայ Առաքելական եկեղեցու դերը:
Միտրոպոլիտ Պավելը, հատուկ շեշտելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ իր ունեցած ջերմ վերաբերմունքը, խնդրեց դեսպան Եսայանին Նորին Սրբությանը փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները և երախտագիտությունը՝ սիրով ընդունելով Հայաստան այցելելու հրավերը: