Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը քիչ առաջ տեղեկացրել է, որ այս պահին անձրև չկա, օդային օպերացիաներից հետո և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են:
Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ բնապահպանության նախարարի խոսնակ Մարինե Կարապետյանը: Նա, մասնավորապես, գրել է.«Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին անձրև չկա, օդային օպերացիաներից հետո և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են: Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով»:
Ինչ վերաբերում է արգելոցի կենդանիներին և թռչուններին, ապա Մարինե Կարապետյանը գրել է, որ ըստ ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի՝ խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել, հիմնականում չթռչող միջատները, սողունները, կրծողներն են տուժել հրդեհից.«Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկատարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Աղասյանը պարզաբանել է , որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում անգամ կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից»,-գրել է Մարինե Կարապետյանը: