
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ պարունակող էլեկտրոնային նամակներ ստանալու և մասնագիտական գործունեության համար հետապնդման ենթարկվելու վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ի տարածած հայտարարությանը: Վերջինիս կապակցությամբ երեկ ՀՀ գլխավոր դատախազին են դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարվել է քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ստուգել Արայիկ Պապիկյանի ներկայացրած հաղորդման մեջ, ինչպես նաև դրա վերաբերյալ արված հայտարարություններում ներկայացված հանգամանքները և Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: