Կարեն Կարապետյանը եղավ Հայաստանի հերթական վարչապետը, ում գլխավորությամբ կոռուպցիայի դեմ պայքարի հերթական խորհուրդը ձեւավորվեց: Ավելին, այդ խորհուրդը ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ այս անգամ մեկ-երկու նիստից հետո որեւէ գործունեություն չի ծավալել: Կ.Կարապետյանի գլխավորած հակակոռուպցիոն խորհրդի անդրանիկ նիստը տեղի էր ունեցել դեռ այս տարվա հունվարի 21-ին, եւս մեկ նիստ էլ անցկացվել էր փերտրվարի 17-ին ու վերջ: Այսինքն՝ հակակռուպցիոն խորհրդի գործունեությունը եղել է մինչեւ խորհրդարանական ընտրությունները, այն էլ՝ ընդամենը՝ որպես նախընտրական շոու-ներկայացման մաս, ու վերջ: Այս թեմայով մեկ-երկու հանդիպում էլ վարչապետն ունեցել էր ՀՀ-ում ԱՄՆ եւ ԵՄ դեսպանների հետ:
Թե դրան հաջորդած յոթ ամիսների ընթացքում, հատկապես, հետընտրական շրջանում ինչո՞վ է զբաղվել կոռուպցիայի դեմ պայքարին կոչված հերթական մարմինը, պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե որքանով են իրականացվել այդ նիստերի ժամանակ ընդունված որոշումները, տրված հանձնարարականները՝ հարկային ու մաքսային ոլորտում, պետական գնումների ոլորտում, ազատ տնտեսական մրցակցության եւ մենաշնորհների ոլորտում կոռուպցիոն դրսեւորումները բացառելու ուղղությամբ քայլեր կատարելու մասին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ