Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է. Կարեն Կարապետյանը` Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համացանցի իր էջում անդրադարձել է օրեվ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում առաջացած հրդեհին և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցել են հրդեհաշիջման աշխատանքներին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր փրկարարներին, ՀՀ արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարություններին, ՀՀ Զինված ուժերին, Ոստիկանությանը, անտառտնտեսությունների աշխատակիցներին, ինչպես նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին:

Երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին, մասնավորապես` ՌԴ կառավարության ղեկավարին` հատուկ տեխնիկա տրամադրելու համար: Շնորհակալ եմ ռուսաստանցի օդաչուներին եւ փրկարարական անձնակազմին՝ կատարած աշխատանքի համար:

Որևէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, և լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ: Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք և համապատասխան հետևություններ չենք անելու: Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է և արվելու է առավելագույնը՝ հետագայում նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար», – նշել է նա:




Լրահոս