
Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային պայմաններին առնչվող խնդրով:
Պաշտպանին հասցեագրված դիմումի համաձայն՝ դիմումատուն երկար տարիներ աշխատել է Երևանի գրադարաններից մեկում, սակայն տնօրենը, անհիմն պատճառաբանությամբ, նրան տեղափոխել է այլ մասնաճյուղ: Ըստ քաղաքացու՝ անտեսվել են իր հաշմանդամության կարգը և, դրանով պայմանավորված, այլ մասնաշենք հասնելու դժվարությունները, իսկ նախկին մասնաշենք տեղափոխվելու խնդրանքը մերժվել է:
Արձանագրելով քաղաքացու աշխատանքային իրավունքի իրականացման սահմանափակում՝ Պաշտպանի աշխատակազմը գործը քննարկման է փոխանցել Երևանի քաղաքապետարան:
Քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում՝ գրադարանավարուհին աշխատանքի է անցել նախկին աշխատավայրում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ