ՀՀ կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 3 հազար 600 եվրո, որը պետք է հատկացնի Գևորգ Դնգիկյանին։ Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Դնգիկյանի ներկայացրած գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Նշենք, որ այս որոշումն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող որոշումների ցանկում:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի հունիսի 15-ի վճռի համաձայն` ՀՀ դիմումատուին վճարել 3600 եվրոյին համարժեք դրամ: Ինչի արդյունքում, Հայաստանի կառավարությունը արդարադատության նախարարությանը առաջիկայում կհատկացնի 3600 եվրոյին համարժեք դրամ:
Իսկ նշված գործով ՄԻԵԴ-ի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը այս տարվա սեպտեմբերի 15-ն է: Նշենք, որ ՀՀ քաղաքացու գանգատը ՄԻԵԴ ներկայացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Սեփականության իրավունքի վեճ է, եւ ԱՄՆ քաղաքացի Գեւորգ Դնգիկյանը Հայաստանի դատական ատյաններում հաջողության չի հասել դատական ակտի կատարման հարցում ու դիմել է ՄԻԵԴ: