Հանրապետության Նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձևերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկների նվաճումները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, այդ ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով ձեռնարկվելիք հետագա միջոցառումները, ինչպես նաև մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքների, հիշյալ ոլորտներում առկա խնդիրների և դրանց լուծման նպատակով ակնկալվող համակարգային փոփոխությունների ու նոր ծրագրերի ներդրման մասին:
Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է, որ նախարարության կողմից, ի թիվս ընթացիկ ծրագրերի, մշակվել և իրականացվում են ևս 7 նոր մարզական մասսայական ծրագրեր, որոնցում ընդգրկված են տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ և բոլոր տարիքային խմբերը՝ սկսած նախադպրոցական տարիքից մինչև տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, խնամքի ու պաշտպանության կարիք ունեցող երեխաներ: Նախարարին հանձնարարվել է աշխատանքներ իրականացնել ավելացնելու մասնակիցների ներգրավվածությունը Հանրապետության Նախագահի հովանու ներքո անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթին և մարզական մասսայական այլ միջոցառումներին: Նախարար Ռոստոմյանը հավաստիացրել է, որ նոր ծրագրերի իրականացման շնորհիվ մինչև տարեվերջ հանրապետության մարզերից և մայրաքաղաքից մարզական մասսայական միջոցառումների մասնակիցների թիվը կգերազանցի 85 հազարը, և այդ ուղղությամբ, հանձնարարականի համաձայն, աշխատանքները կլինեն շարունակական: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է, որ նախարարության կողմից մշակվել են «Հաշմանդամային սպորտի զարգացման», «Բակային սպորտի զարգացման» հայեցակարգերը և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրի» նախագիծը:
Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նաև հանրապետությունում սպորտային տուրիզմի զարգացման հարցը՝ արագացնել «Սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգ»-ի մշակման աշխատանքները և քննարկել այդ նպատակով լեռնադահուկային, ջրային և համապատասխան այլ մարզաձևերի զարգացման խթանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ինչպես նաև արդեն իսկ առկա պայմանների կատարելագործման հնարավորությունները:
Հանրապետության Նախագահի հանձնարարականներից մեկն էլ վերաբերել է հաշմանդամություն ունեցող պրոֆեսիոնալ մարզիկների ներկայացվածությունը միջազգային մրցաշարերում մեծացնելու ուղղությամբ աշխատանքին: