Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են առաջնային անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները՝ պարզելու օգոստոսի 13-ին Սևանա լճում ռուս պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Բացատրություններ են վերցվել ինչպես զինծառայողներից, այնպես էլ` Սևանա լճի լողափում այլ հանգստացողներից, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար»,- նշեց Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով` դատաբժիշկների տրամադրած նախնական տվյալների համաձայն` զինծառայողի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը:
«Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի նման դեպքերով կնքված համաձայնագիր»,- նշեց Տռուզյանը:
Ավելի վաղ, քննությամբ պարզվել էր, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3 զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել էր Գեղարքունիքի մարզում: