Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքաղական հարցեր, որոնք որոշիչ են եղել ՀՀ-ի համար: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը«:
«Նախ կուսակցական աշխատանքները ռեստարտ են տրվել, որովհետև սեպտեմբերից ՀՀԿ-ն պետք է ձեռնամուխ լինի ակտիվ աշխատանքի, քննարկել ենք անելիքները խորհրդարանում: Մենք ունենք կարևորագույն օրենքներ, որ պետք է ընդունենք և ապահովենք անցում խորհրդարանական համակարգի: Մեզ սպասում է աշխատանքային լուրջ աշուն խորհրդարանում», – նշեց նա, հավելելով, որ քննարկումներ են առկա նաև ՏԻՄ ընտրությունների մասով:
Նրա խոսքով, գրեթե հարց չկա, որ չի քննարկվել ՀՀԿ-ի կողմից: «Ես պաշտոնապես չեմ լսել եւ չեմ կարդացել, որ «Ելք» դաշինքը պատրաստ է ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին», – անդրադառնալով այդ նախաձեռնությանը , նշեց նա: Նրա խոսքով, իրենք դեմ են նման նախաձեռնություններին։ «Մենք գտնում ենք, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին արդարացված է, արդյունավետ է։ Եթե մենք չմտնեինք ԵՏՄ, Հայաստանի լոլիկն ու վարունգը Փարիզում էին վաճառելո՞ւ», – հավելեց նա: