«Ապատեղեկատվություն է, ճոպանուղին չի քանդվում». Վանաձորի գլխավոր ճարտարապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրել էր, որ  Վանաձորի ճոպանուղին քանդում են:

«80-ականներին կառուցված, ՀԱՄԽ (Հայաստանի արհեստակցական մարզական խորհրդի) ենթակայության տակ գտնվող Վանաձորի ճոպանուղին, որ լիարժեք աշխատում էր, շենքն էլ գրեթե ամբողջությամբ ավարտին էր հասցված, 2005-ից հանձնվել է Վանաձորի քաղաքապետարանին և քանդում ու թալանում են մինչ օրս…»,-գրել էր նա:

ArmLur.am-ը դեպքի առավել մանրամասների մասին զրուցել է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության  եւ քաղաքաշինության բաժնի պետ, գլխավոր Ճարտարապետ Սուրեն Աբովյանի հետ:

«Ուզում եմ տեղեկացնել, որ քանդման աշխատանքերը ճոպանուղու  տարածքում  չեն իրականացվում: Ճոպանուղու ներքին կայարանի կիսակառույց եւ ճոպանուղու մնացած հենասյունները, որ կային  Խորհրդային միությունից, բոլորը տեղում են, ոչ մի աշխատանք այնտեղ չի իրականացվում: Այս պահին քանդման աշխատանքներ են իրականացվում ճոպանուղուց 100 մ հեռավորության վրա գտնվող նախկին տուրիստական բազայի կիսաքանդ մասնաշենքում: Խորհրդային միության փլուզումից հետո շենքը չեն հասցրել հանձնել շահագործման  եւ անկախության տարիներին, անընդհատ թալանվելով, հասել էր փլուզման վտանգի տակ, իսկ այդ շրջակայքում բնակելի թաղամասներ են, եւ բնակիչները տարեսկզբին դիմել են, որ երեխաները գնում-խաղում են այնտեղ, որը շատ վտանգավոր է, քանի որ ամեն վայրկյան կարող է այն փլուզվել»:

Վանաձորի գլխավոր ճարտարապետի խոսքով՝  դիմել են շենքի սեփականատիրոջը, նկարագրելով, որ շենքը 4-5 կարգի վթարային լինելը. «Բնակիչները դիմել էին քաղաքաշինական փորձագիտական կենտրոն, այնտեղի մասնագետները ուսումնասիրել եւ տվել են եզրակացություն, որտեղ նշվում է, որ շենքը ենթակա է ապամոնտաժման»:

Ըստ նրա՝  ծրագրեր կան նոր լեռնադահուկային-տուրիստական տարածք կառուցվելու վերաբերյալ, իր ենթակառուցվածքների եւ ճոպանուղու հետ միասին. «Տարածված ապատեղեկատվության մեջ՝ ինչու է նշվում ճոպանուղին չեմ կարող ասել կա՛մ  ճոպանուղու շենքը չեն կարողանում տարբերակել տուրիստական բազայի շենքից, կա՛մ էլ, քանի որ  Վանաձորի զարգացման շեշտը դրել ենք հենց ճոպանուղու վրա, ու հիմա  շրջակայքում որոշ աշխատանքեր է  կատարվում, մեր   հակառակորդ ուժերը փորձում են  ցույց տալ, թե ստախոս ենք, սարքելու փոխարեն քանդում ենք, բայց դա լրիվ ապատեղեկատվություն է»:

Լուսանկարներում այն շինությունն է, որը ենթակա է եղել քանդման:




Լրահոս