Արդեն հայտնել էինք, որ 2017թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ռազմական ոստիկանությունը քննչական-օպերատիվ խմբի հետ միասին: Դեպքի վայրի զննությամբ Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերվել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, որի մեջ հայտնաբերվել է մոխրացած դիակ:
Պարզվել էր դիակի ինքնությունը, ով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող՝ ծնված 1985թ.: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է, ծնված՝ 1980 թ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա ժամկետային զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել 2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, համագյուղացու՝ 37-ամյա տղամարդու հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, որից հետո վերջինս նստեցրել է նրան նշված ավտոմեքենան, գլորել ձորը և այրել: 37-ամյա տղամարդը ձերբակալվել է:
ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել դեպքից բացառիկ լուսանկարներ:
Ի դեպ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքն առաջինը բացահայտել է ՀՀ ռազմական ոստիկանությունը: