Սերժ Սարգսյանի ևս մեկ տապալված ծրագիրը. սպասելիքների արդարացման հույսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական բանկի ստեղծումը Սերժ Սարգսյանի` պաշտոնավարման առաջին ամիսներին հռչակած եզակի խոշոր ծրագիրն էր, որ հաջողվեց իրականություն դարձնել: Սակայն այն կարճ կյանք ունեցավ. ԿԲ որոշմամբ Համահայկական բանկը փակվել է` վերածվելով ներդրումային ֆոնդի:

Հիշեցնենք՝ դեռ 2008թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարել էր երեք լուրջ ծրագրի մասին: «Ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ.

ա/ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,

բ/ առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, եւ

գ/առաջիկա ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու»,- ասել էր նա:

Այդ ուղերձին հաջորդած 128 «առաջիկա ամիսների» ընթացքում ատոմակայանն այդպես էլ չկառուցվեց, և այսօր էլ պարզ է, որ այդ խոստումը հազիվ թե երբեւէ իրականություն դառնա:

Այդ ուղերձին հաջորդած 9 «առաջիկա» տարիների ընթացքում չկառուցվեց նաեւ Իրան-Հայաստան երկաթուղին, եւ խիստ կասկածելի է, որ երբեւէ կկառուցվի:

Այն ժամանակ չստեղծվեց նաեւ ներդրումային հիմնադրամը, այլ միայն համահայկական բանկի գաղափարն իրականություն դարձավ: Բայց բանկը ստեղծվեց ոչ թե Սերժ Սարգսյանի ուղերձին հաջորդած «առաջիկա ամիսների» ընթացքում, այլ երեք տարի անց միայն` 2011 թվականին, իսկ հիմա` 6 տարի անց, այն փակվում է: Եւ պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանի աշխարհացունց ծրագրերն այդպես էլ օդից կախված մնացին:

Հետաքրքիրն այն է, որ ԿԲ-ն այդպես էլ չի ներկայացրել Համահայկական բանկի փակման իրական պատճառները: ԿԲ հաղորդագրության մեջ միայն ասված է, որ իրենք տրանսֆորմացիոն գործընթացը ձեռնարկել էին «Համահայկական բանկի առջեւ դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով», եւ հիմա այդ գործընթացները հանգել են իրենց իրավաբանական ավարտին:

«Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի եւ բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է ՀՀ կառավարության լիազորված մարմինը: Ներկայումս ՀՀ կառավարությունն ու ՀՀ կենտրոնական բանկը քննարկում են իրավական եւ տեխնիկական գործընթացների մանրամասները` տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը ՀՀ կառավարության պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու ուղղությամբ»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Մինչդեռ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչու Սերժ Սարգսյանի խոշորագույն ծրագիրը կիսատ մնաց. բանկի հիմնադրումից վեց ամիս անց պարզվեց, որ այն անիրատեսական էր, անիրագործելի, թե կային նաեւ այլ խոչընդոտներ, ինչ-որ իրավական անհամապատասխանություններ: Ու քանի դեռ որեւէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել, մնում է միայն ենթադրել, որ բանկից սպասելիքներն այդպես էլ չարդարացան, հետեւաբար իշխանությունները գնացին այն վերաձեւելու ճանապարհով: Իսկ սպասելիքները չարդարացան ոչ թե բանկի գործունեության հետեւանքով, այլ որովհետեւ այդպիսին է Հայաստանում տիրող իրավիճակը: Ի վերջո, որքան էլ հրաշալի լինեն ե՛ւ Համահայկական բանկի, ե՛ւ Համահայկական ներդրումային ֆոնդի գաղափարները, միեւնույն է, սա դեռեւս չի երաշխավորում դրանց արդյունավետ գործունեությունը:

Բանն այն է, որ Համահայկական բանկը ստեղծվեց` նպատակ ունենալով իրականացնել արտահանմանը միտված մասնավոր ձեռնարկությունների ներդրումային ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորում՝ հավաքագրելով անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները ներքին եւ արտաքին տարբեր աղբյուրներից: Բայց բանկի կապիտալն այս ողջ ընթացքում այդպես էլ մնաց շատ փոքր եւ չանցավ 15.5 մլն դոլարի (7.5 մլրդ դրամի) սահմանը: Մինչդեռ ենթադրվում էր, որ «Համահայկական» անվանումը կրող կառույցի միջոցների հավաքագրմանը պետք է մասնակցեին նաեւ սփյուռքահայերը՝ ըստ այդմ, նպաստելով բանկային կապիտալի ավելացմանը: Այդ դեպքում նաեւ Համահայկական բանկը հնարավորություն կունենար աջակցել մեծ ծրագրերի: Իսկ սփյուռքն իր գումարները չվստահեց, որովհետեւ վաղուց վստահություն չկա ո՛չ Հայաստանի, ո՛չ իշխանությունների նկատմամբ (թեեւ բանկն իշխանությունների հետ որեւէ առնչություն չուներ):

Մյուս կողմից նկատենք, որ ներդրումային ծրագրերի համար նախ եւ առաջ հարկավոր են համապատասխան պայմաններ, ինչն իսպառ բացակայում է Հայաստանում: Ներդրումային միջավայրի անմխիթար վիճակի մասին բազմիցս է խոսվել: Այնպես որ, որքան էլ իշխանությունները Համահայկական բանկ կամ Համահայկական ներդրումային ֆոնդ ձեւավորեն, միեւնույն է՝ քանի դեռ չեն լուծել ներդրումների ներգրավման խոչընդոտող գործոնները, հազիվ թե սպասելիքներն արդարացնի նաեւ սա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս