«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական գործակալը թալանել է ընկերությանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Զորիկ Գրիգորյանը, որը 2013թ-ից եղել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալ եւ իրականացրել է ապահովագրավճարների հավաքագրման գործառույթ, դեկտեմբերի 29-ից մինչեւ 2014թ. փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ապահովադիրների հետ կնքել է ապահովագրական վկայագրեր եւ դրա դիմաց ստացել է 1 միլիոն 844 հազար 720 դրամ:
Ու այդ գումարը նա պետք է ներկայացներ ընկերությանը, սակայն փոխանցման ենթակա 1 միլիոն 604 հազար 564 դրամը չի փոխանցել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը, այլ յուրացրել է: Իհարկե, այս արարքի համար ընկերության գործակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` յուրացում, բայց ի՞նչպես է այդ իրավիճակը ազդել սպառողների վրա:
Ստացվում է, որ վարորդները վճարել են իրենց մեքենաների ապահովագրման համար համապատասխան գումարը, գործակալը հափշտակել է այն: Արդյոք հերթական անգամ կատարվածը ջարդվել է վարորդների գլխին, եւ նրանք ստիպված են եղել կրկնակի վճարում կատարել: Այս հարցերի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Ընկերության եւ ապահովագրական գործակալ Զորիկ Գրիգորյանի գործակալական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, մասնավորապես` ընկերության հանդեպ գործակալի ունեցած դրամային պարտավորությունները որեւէ ձեւով չեն անդրադարձել ապահովագրության պայմանագիր կնքած քաղաքացիների վրա, չեն առնչվել վերջիններիս իրավունքներին եւ օրինական շահերին:
Գործակալի կողմից կնքված պայմանագրերն ուժի մեջ են մտել դրանցում նշված ժամկետներում եւ հանդիսացել են օրինական կարգով կնքված եւ գործող ապահովագրության պայմանագրեր:
2. Ապահովագրության պայմանագիր կնքած քաղաքացիներին ապահովագրության պայմանագիրը տրամադրվում է այն կնքելու պահին: Գործակալի կողմից կնքված բոլոր վկայագրերում, ապահովագրավճարի վճարման կարգի եւ ժամկետ տողում պարտադիր կերպով նշված է եղել. «Ապահովագրավճարը վճարված է միանվագ կանխիկ պայմանագրի կնքման պահին» պայմանը եւ հետեւաբար գործակալի կողմից պայմանագիրը հաճախորդին տրամադրելուց հետո որեւէ կրկնակի վճարում քաղաքացին չի կատարում»:
Նշենք, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, որը ընկերության խորհրդի անդամ է:
Քնար Մանուկյան