Միջազգային իրադրությունն այս օրերին անչափ լարված է. Հս.Կորեան շիկացնում է իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային իրադրությունն այս օրերին անչափ լարված է՝ պայմանավորված Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակով: Միջուկային զենք ունեցող այս աղքատ ու բռնապետական երկիրը դարձել է սպառնալիք ոչ միայն Կորեական թերակղզու եւ Արեւելյան Ասիայի, այլեւ ողջ աշխարհի համար: Եվ եթե նախկինում համաշխարհային առաջնորդները զսպվածությամբ էին վերաբերվում Հս. Կորեայի նկատմամբ, ապա ԱՄՆ նախագահ եւ զսպվածությունը շքեղություն համարող Թրամփն ակներեւաբար բենզին է լցնում շիկացող կրակի վրա:

ԱՄՆ նախագահը օրեր առաջ հայտարարել էր, որ եթե Հյուսիսային Կորեան շարունակի սպառնալիքներ տեղալ եւ հրթիռային փորձարկումներ իրականացնել, ապա արժանանալու է խիստ պատասխանի: Թրամփը բառացիորեն հայտարարեց, որ Հս. Կորեան կստանա այնպիսի «կրակ ու ցասում», որպիսին երբեւէ չի տեսել: Ավելին՝ օրեր անց նախագահը համացանցում արված գրառմամբ տեղեկացնում էր, որ ռազմական լուծումներն արդեն մշակված են ու պատրաստված՝ ցանկացած պահի հարցը արագ լուծելու համար: Թրամփի այս հայտարարությունը հարուցեց համաշխարհային առաջնորդների հրատապ արձագանքը:

Չինաստանի նախագահ Սին Ծինպինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արդեն իսկ խոսել են Հս. Կորեայի շուրջ առաջացած ճգնաժամը խաղաղ մեթոդներով մեղմելու անհրաժեշտության մասին: Թրամփը այդ առթիվ հասցրեց մասնավոր զրույցներ ունենալ Մակրոնի ու Ծինպինի, ինչպես նաեւ Գուամի նահանգապետի հետ: Գուամը Կորեական թերակղզու մոտ գտնվող կղզիներից մեկն է, որի նկատմամբ ԱՄՆ-ն ունի պրոտեկցիոն իրավունքներ: Կղզում Միացյալ Նահանգները տեղակայել է նաեւ իր ռազմաբազան՝ սանձելու Հս. Կորեայի ախորժակը: Վերջինը, ի դեպ, տարածվում է նաեւ Հարավային Կորեայի ու Ճապոնիայի նկատմամբ, եւ եթե առաջին հրթիռային հարվածի առաջին թիրախը համարվում է Գուամը, ապա երկրորդն ու երրորդը անխուսափելիորեն Հվ. Կորեան ու Ճապոնիան կլինեն: Ի դեպ, այս երկրներում իշխանությունները ռազմական ուժերը բերել են արտակարգ պատրաստվածության ռեժիմի՝ ամեն վայրկյան Հս. Կորեայի հետ ռազմական բախման սպասումով:

Կարծիք կա, որ աշխարհում այլեւս երկու գործիչներ կան, որոնց անպատասխանատու ձեռքը միջուկային զենքի կոճակի վրա է՝ նկատի ունենալով Դոնալդ Թրամփին ու Կիմ Չեն Ընին: Վերջինիս հոր եւ պապու ժամանակներից երկրում ձեւավորված է այնպիսի բարոյա-հոգեբանական մթնոլորտ, որպիսին չի հանդիպում աշխարհի եւ ոչ մի երկրում: Սերժ Սարգսյանի եւ Պնախարար Վիգեն Սարգսյանի երազած ազգ-բանակը բառացիորեն ստեղծված է Հս. Կորեայում, որտեղ բոլոր մարդիկ զինվոր են՝ լվացված ուղեղներով պատրաստ ոչնչացնել յուրաքանչյուրին, ով կսպառնա իրենց առաջնորդի բարօրությանը: Այստեղ գոյություն ունի միայն մեկ թերթ եւ մեկ հեռուստաընկերություն, որոնց համար որեւէ այլ թեմա գոյություն չունի, բացի երկրի առաջնորդն ու նրա գործունեությունը:

Ամերիկացի լրագրող Սուկի Կիմը, որը որպես ուսուցիչ աշխատել է Հս. Կորեայում, բացատրում է, որ այդ երկիրն ու նրա ժողովուրդը վերածված են կրոնական համայնքի՝ պաշտամունքի հիմնական առարկան ունենալով Կիմ Չեն Ընին: Լրագրողը պատմում է նաեւ, որ սովորական քաղաքացիները չգիտեն՝ ինչ են համակարգիչն ու համացանցը: Ըստ նրա՝ անգամ երկրի ներսում ճանապարհորդել հասկացությունը գոյություն չունի: Փոխարենը ստեղծված է վերահսկողության մի անտանելի մեխանիզմ, երբ յուրաքանչյուր քաղաքացի շաբաթական մեկ անգամ պարտավոր է տեղեկություններ հաղորդել իր ընկերների մասին համապատասխան մարմիններին: Ստեղծված է մի համակարգ, որտեղ մարդու ինքնուրույն մտածողությունը լիովին ճնշված է՝ ենթարկված առաջնորդի կամքին: Եվ ահա վերջինս, ըստ էության, ոչինչ չունի կորցնելու, որովհետեւ երկիրը գտնվում է խայտառակ աղքատության մեջ, եւ միջուկային զենքի սպառնալիքով է հայթայթում որոշակի նյութական միջոցներ: Բացի այդ՝ Չեն Ընը ակնհայտորեն հոգեպես անհավասարակշիռ գործիչ է, որի նկատմամբ նույնիսկ Չինաստանն է կորցրել իր վերահսկողությունը:

Թրամփի շուրջ ստեղծված իրավիճակը անհամեմատ ավելի բարդ է: Նրա համար կորեական պատերազմը կարող է դառնալ անփառունակ մի ձախողում, ինչպես Վիետնամը՝ Լինդոն Ջոնսոնի կամ Իրաքը՝ Ջորջ Բուշ Կրտսերի համար: Միաժամանակ պատերազմը Թրամփի համար կարող է ինչ-որ առումով փրկօղակ լինել: ԱՄՆ նախագահը չի կարողանում հաղթահարել ներքին հակասություններն ու վերադառնալ վարչակազմի սովորական աշխատանքային բնույթին: ԱՄՆ ԶԼՄ-ները իրենց ամենօրյա սկանդալային բացահայտումներով՝ մի կողմից, ԱՄՆ իրավապահների հետաքննությունը ռուսական հետքի շուրջ՝ մյուս կողմից, կաթվածահար են արել Թրամփի վարչակազմի աշխատանքը:

Վերջապես, նախագահը ակնհայտորեն անկարող է կոնկրետ քաղաքական առաջնահերթություններ մշակելու եւ հստակ քաղաքականություն վարելու հարցերում: Երբ նա չի կարողանում քաղաքական հարաբերություններ կառուցել իր ավանդական դաշնակիցների հետ, չգիտի ինչպես դուրս գալ Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունների անորոշությունից, ռազմական գործողությունները մի թույլ պետության դեմ վերածվում են լիովին ընդունելի լուծման: Հարկ է ուշադրություն դարձնել հատկապես այն հանգամանքին, որ Թրամփի անմիջական խորհրդատուների ճնշող մեծամասնությունը նախկին գեներալներն են: Անգամ նրա աշխատակազմի ղեկավարն է նախկին գեներալ, որի ազդեցությունը նախագահի վրա թե՛ անձնապես, թե՛ ի պաշտոնե, չափազանց մեծ է: Շրջապատված լինելով գեներալներով՝ Թրամփը օրինաչափորեն պիտի նախընտրի ռազմական լուծումները՝ մերձավոր շրջապատում չստանալով անհրաժեշտ հակառակ հիմնավորումները:

Շարունակելի
Ն. Հովսեփյան




Լրահոս