ՄԻՊ-իշխանություն բախում է հասունանում. արդյո՞ք Արման Թաթոյանը կհանդուրժի իր կողքին եվս մեկ օմբուդսմենի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Կառավարությունը մտադիր է Հայաստանում ստեղծել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ. ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն իսկ մշակել է համապատասխան օրինագիծը: Բայց նկատենք, որ սա բացահայտ արհամարհանք է ՄԻՊ նկատմամբ, քանզի ստեղծվող կառույցն ունենալու է գրեթե նույն գործառույթները, ինչ գործող օմբուդսմենը, միայն մեկ տարբերությամբ, որ զբաղվելու է գործարարների շահերի պաշտպանությամբ, այլ ոչ թե բոլոր մարդկանց:

ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած նախագիծը հենց այդպես էլ կոչվում է. «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենք: Նախատեսված է, որ բիզնես-օմբուդսմենի պաշտպանի լիազորությունների շրջանակներում լինելու է գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացումը եւ դրանց պաշտպանությունը, գործարարների գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը եւ այսպես շարունակ:

Համեմատության համար նշենք, որ ՀՀ ՄԻՊ-ը Սահմանադրության եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Այսինքն` գործող օրենսդրությամբ ՄԻՊ-ը որեւէ կերպ կաշկանդված չէ նաեւ գործարարների իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլեր անելու հարցում, իսկ եթե այստեղ կան մասնագիտական որոշակի խնդիրներ, ապա այդ ամենը կարելի է լուծել ՄԻՊ-ում մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելու միջոցով:

Թե ինչու են իշխանությունները գնացել այս քայլին, մնում է միայն ենթադրել: Օրինագծի հիմնավորումների մեջ ՀՀ արդարադատության նախարարությունը կասկածի տակ է դրել ՄԻՊ գործունեության արդյունավետությունը, երբ շեշտելով օմբուդսմենի ինստիտուտի առկայության մասին՝ նշել են. «Ներկայումս գործող մեխանիզմները գործարարներին հնարավորություն չեն ընձեռում արագ եւ հուսալի կերպով վերականգնել իրենց խախտված իրավունքները կամ վերացնել գործունեության խոչընդոտները, այդ թվում՝ այն դեպքերում, երբ առկա է այդ խնդիրներին հրատապ կերպով լուծում տալու անհրաժեշտություն»: Բացի այդ, նկատենք, Արման Թաթոյանն իր գործունեության արդյունքում հասցրել է վաստակել «ՀՀԿ իրավունքների պաշտպան», «մարդու իրավունքների կիսապաշտպան» եւ նման այլ պիտակներ, ու հիմա իշխանություններն այլեւս հաշվի չեն նստում նրա հետ՝ ստեղծելով եւս մեկ նման կառույց:

Չնայած այս դեպքում Թաթոյանը կարծես թե չի պատրաստվում հանդուրժել իրավիճակը: Նա հրապարակայնորեն մի քանի անգամ դեմ է արտահայտվել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքին՝ որակելով այն Սահմանադրության խախտում:

Այս տարվա հունիսին, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՄԻՊ տարեկան հաղորդումը, բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման մասին հարցին ի պատասխան՝ ասել էր. «Առավել նախընտրելի է գործող ինստիտուտը զարգացնել, քան դրա վերաբերյալ նոր ինստիտուտ ստեղծել: Հիմա մենք ԵՄ-ի հետ ինտենսիվ քննարկումներ ենք տանում՝ ներգրավելով ոլորտի ներկայացուցիչներին եւ առաջիկայում լուծում կունենանք»: Ավելին՝ Թաթոյանը հավելել էր, թե չի կարող ստեղծվել մարմին, որը կկատարի մյուս մարմնի գործառույթը: «Դեմ եմ եւ կառավարությանը մեծածավալ վերլուծություն եմ ներկայացրել ու ես գործադրելու եմ իրավական բոլոր հնարավորությունները, որպեսզի լուծումները լինեն Սահմանադրության օրենքի շրջանակում, իսկ այստեղ սկզբունքն այն է, որ ՄԻՊ աշխատանքը չպետք է դուբլիկացիա լինի»,- շեշտել էր նա:

Քանի որ Արդարադատության նախարարությունն արդեն մշակել է «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրինագիծը, երեկ «Ժողովուրդ»-ը ՄԻՊ գրասենյակից հետաքրքրվեց` արդյո՞ք Թաթոյանը շարունակում է դեմ լինել նոր կառույցի ստեղծմանը, եւ մի՞թե սա չի նշանակում օմբուդսմենի դիրքերի թուլացում: «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շարունակում է պնդել, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը:

Այս նոր կառույցի ստեղծումը առաջ է բերելու երկու մարմինների գործառությունների կրկնություն, ինչը կլինի խնդրահարույց սահմանադրականության տեսանկյունից»,- ՄԻՊ-ից փոխանցեցին Թաթոյանի պատասխանը:
Ու հիմա հետաքրքիր է` արդյո՞ք Արման Թաթոյանը կշարունակի պայքարել նոր օմբուդսմենի ինստիտուտի դեմ (թեկուզ «ամենավատ կադր» կոչվելու գնով), թե մի քանի հրապարակային հայտարարություն հնչեցնելուց հետո կհամակերպվի իրավիճակին` իր կողքին ընդունելով եւս մեկ նման կառույց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս