Մի քանի բժշկական կենտրոններ կլուծարվեն. ինչու է կառավարությունը դիմում օպտիմալացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախատեսել է Արագածոտնի մարզում առողջապահության ոլորտում փոփոխություններ իրականացնել:

ՏԿԶՆ-ն ուսումնասիրել է «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ի եւ «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը: Պարզվել է, որ Աշտարակի եւ Ծաղկահովիտի ԲԿ-ների ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են: Իսկ Ուշիի առողջության պահպանման կենտրոնում նվազել է բնակչության թիվը: Այժմ քննարկվում է այս բաժանմունքների հետագա գործունեության նպատակահարմարության խնդիրը: Եւ առաջիկայում նշված բժշկական կենտրոնները կլուծարվեն: Իսկ օպտիմալացման արդյունքում կտնտեսվի շուրջ 200 մլն դրամ:

«Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով սպասվող փոփոխություններին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ օպտիմալացման արդյունքում կրճատումներ կլինեն: «Նախատեսվում է շենքային եւ կադրային օպտիմալացում: Այսինքն՝ մեր կառույցը փռված է 7000 քառակուսի մետրի վրա, մենք հիմա ուզում ենք մեր ստացիոնար ծառայությունը կենտրոնացնել դրա կեսի վրա: Ինչի արդյունքում կխնայվի ե՛ւ էլէներգիան, ե՛ւ ջուրը, ե՛ւ գազը: Ճիշտ է, մենք այս պահի դրությամբ պարտքեր չունենք, բայց նաեւ զարգացման գումար չկա, իսկ այդ խնայողությունները կուղղվեն զարգացմանը»,- հույս հայտնեց տնօրենը:

Իսկ ահա Ուշիի առողջության առաջնային կենտրոնի տնօրեն Կարմեն Հովհաննսիյանը զրույցի ընթացքում նկատեց, որ տարեկան ֆինանսավորումը չի բավարարում: «Վերջին տարիների ընթացքում ամենասուղ միջոցներով բավարարվել ենք, բայց այսօրվա դրությամբ ունենք աշխատավարձի պարտք` ավելի քան 1 մլն դրամ»,- ներկայացրեց Կ. Հովհաննիսյանը:

Մեր զրուցակցից տեղեկացանք, որ լուծարման արդյունքում կկրճատվի երեք աշխատող` մեկ հաշվապահ, մեկ կրտսեր բուժաշխատող եւ մեկ բուժքույր: Նշենք, որ այս դեպքում Ուշիի բնակիչը իր համար անհրաժեշտ դեղորայքը կստանա հարեւան Կարբիից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս