ժամանակակից գրականության մեջ «Մոլախոտը» շատ է. Դավիթ Գասպարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ այսօրվա երիտասարդության շատ չնչին տոկոսն է գիրք ընթերցում: Դրա պատճառների, հետեւանքների, այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի հետ:

Պարո՛ն Գասպարյան, Ձեր կարծիքով` ի՞նչն է պատճառը, որ ներկայիս սերունդը հրաժարվում է տպագիր գիրք կարդալուց:

-Նախ՝ պետք է ասեմ, որ ամեն ինչ գալիս է դպրոցից: Դպրոցում պահանջկոտությունը բավականին թուլացել է, եթե այն իր տեղում լինի, ապա երեխան կկարդա: Երբեմն անգամ ինքը՝ ուսուցիչը, կարդացած չէ, էլ ուր մնաց՝ աշակերտից կարդալ պահանջի: Այսօր տեղեկատվական ցանցը բավականին ընդլայնված է` հեռախոս, համացանաց, տարբեր կապի միջոցներ եւ այլն: Դա շտկելու համար նախ՝ պետք է գրքերի գներն էժանացնել: Հեղինակը գիրքը տալիս է գրախանութին, գրախանութը դրա վրա ավելացնում է իր 30% եւ ավելացրած արժեքի հարկը: Թանկ գիրքը չի վաճառվում: Թանկացավ ինչո՞ւ, որովհետեւ տպաքանակները նվազեցին, եւ գրքի ինքնարժեքը բարձրացավ: Ես կարծում եմ, որ գիրքը պետք է էժանանա, եւ նոր հիմքերի վրա պետք է դնել գրադարանային գործոնը: Գրադարանները պետք է ձեռք բերեն նորագույն գրականություն, մինչդեռ նրանց դրա համար որոշակի գումար հատկացվում է: Նոր գրականությունը պետք է մտնի գրադարան: Թող էլէկտրոնային տարբերակով կարդան, միայն թե կարդան, քանի որ չկարդացած մարդը աղետ է, եւ ըստ «օրենքի»` նրանք դառնում են պատգամավորներ, հետո նախարարներ, որը կրկնակի աղետ է, եւ այսպես մեր երկիրը ոչ թե թռչում է՝ թեւերը բացած, այլ սուզվում է՝ ծանր քարը ոտքերին կապած:

-Պարո՛ն Գասպարյան, տարածված կարծիք կա, որ ժամանակակից գրականությունը «մոլախոտ» է հիշեցնում: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Դժբախտաբար, այո՛, այսօրվա ժամանակակից գրականութան մեջ «մոլախոտը» շատ է: Չուղղորդված ընթերցողը, պատահական գիրք վերցնելով ձեռքը, կարող է միանգամից հիասթափվել: Դրա համար պետք է նրանց ուղղորդել, եւ լավ, որակյալ, ժամանակակից գրքերը մամուլով, հեռուստացույցով գովազդվեն: Այս հարցում կարեւորում եմ խիստ մասնագիտական մոտեցումը:

-Ստեղծված իրավիճակի ինչպիսի՞ լուծում եք տեսնում:

-Այսօր կան քաղաքներ, որոնք գրախանութներ չունեն, այ, դա պետք է լինի պարտադիր պայման քաղաքի բոլոր թաղամասերի համար: Միայն Կայարանի փոքրիկ խաչմերուկի վրա 7 հատ դեղատուն կա, բայց ոչ մի գրախանութ: Դրա հետ մեկտեղ ունենք գրքերի առաքման խնդիր: Պետք է մեկը լինի, որ գիրքը ցրի, բաժանի, հասցնի ընթերցողին: Գրախանութ պետք է լինի: Պետք է ստեղծվեն գրավաճառ կենտրոններ: Այսօր մենք համատարած անգործության ենք մատնել այդ ամենակարեւոր ցանցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս