Վերջին շրջանում բազմաթիվ են դարձել այն դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիները, մշակույթի ներկայացուցիչները, դերասաններն ու երգիչ-երգչուհիները սոցցանցերում հայտնվում են սպառնալիքների, վիրավորանքների ու ահաբեկումների թիրախում:
Այն, որ համացանցային 21-րդ դարում որեւէ մեկն ապահովագրված չէ վիրտուալ դաշտում հարձակումներից, գաղտնիք չէ ոչ մեկին. անկախ մարդու զբաղեցրած դիրքից, քաղաքացիական կեցվածքից ու գործունեության ոլոտրից՝ մի վայրկյանում կարող են համացանցում նրա վաստակը ոտնատակ տալ: Շատերը ցանկանում են օրենքի խստությամբ պատժել իրենց դեմ հարձակվողներին, մի մասն էլ մտածում է՝ թող խոսեն, հանգստանան, կանցնի, կգնա: «Ժողովուրդ»-ը փորձել է ի մի բերել վերջին շրջանում, այսպես ասած, «կրակն ընկած աստղերի» հետ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք վտանգում են նրանց հեղինակությունը:
«Պալատական երգչուհի»
Օրերս երգչուհի Ալլա Լեւոնյանը ՀՀ ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել, ըստ որի՝ Գայանե Մանուկյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր կողմնակիցների հետ սպառնացել է նրա կյանքին եւ առողջությանը՝ երգչուհու հասցեին հնչեցնելով վարկաբեկիչ հրապարակումներ, տարբեր սեռական բնույթի հայհոյանքներ: Ըստ հրապարակումների՝ այս ամենի հետեւում կանգնած է Usarmenianews.com կայքի խմբագիրը, ում հետ Ալլա Լեւոնյանը անձնական շփման մեջ է եղել երկու տարի շարունակ, սակայն չկարողանալով վերջինիս հետ լեզու գտնել՝ ստիպված դիմել է իրավապահ մարմինների օգնությանը: Սակայն կայքի խմբագիրը հերքում է մեղադրանքները՝ ասելով, որ ցանկանում են Ալլայի միջոցով իրենից վրեժ լուծել: Ըստ հրապարակումների՝ Ալլա Լեւոնյանը մեղադրվում է պալատական երգչուհի լինելու մեջ, ինչպես նաեւ «Սասնա ծռեր»-ի դեպքերի ժամանակ նա միացել է մտավորականների կազմակերպած ստորագրահավաքին, որով իշխանություններին կոչ է արել ոստիկանության եւ խաղաղ ցուցարարների միջեւ արյունահեղություն չիրականացնել:
Կասկածվում էր
2016 թվականին «Սասնա ծռերի» անդամներին աջակցելու համար կազմակերպվող ցույցերին մասնակցած, «Հակաճգնաժամային խորհրդի» անդամ, երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի նկատմաբ եւս քաղաքական հետապնդում սկսվեց: «Արձագանք» ստուդիայի հիմնադրին ձերբակալել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: Չնայած նրան ձերբակալելու՝ քննիչի որոշմանը, Եղիշե Պետրոսյանը, առողջական լուրջ խնդիրներով պայմանավորված, տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն եւ բուժօգնությունը ստացել՝ անազատության մեջ գտնվելով: Իշխանական օգտատերերը նրա հասցեին ամենադաժան քննադատություններն էին հնչեցնում համացանցում, որ համարձակվել է «Սասնա ծռերին» սատարել:
Սուր քննադատություն
Երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ եւս համացանցում հարձակումներ սկսվեցին այն բանից հետո, երբ երգչուհին համարձակվել էր իր սեփական կարծիքն հայտնել, որ «Սասնա ծռեր»-ի տղաները հերոսներ են, եւ մենք իրավունք չունենք քննադատելու նրանց: Երգչուհու այդ խոսքերը ՀՀ ոստիկանության զոմբիների կողմից քննադատության առիթ դարձան, սակայն Սոնա Շահգելդյանի մտքով չանցավ իրեն վիրավորելու կամ սպառնալիքների համար դիմել իրավապահ մարմիններին:
Իրավունքի պաշտպանություն
2014թ. երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը դատական հայց էր ներկայացրել Blognews.am կայքի դեմ: Նա հայտարարել էր, որ Blognews-ին բազմիցս խնդրել էր իր մասին իրականությանը չհամապատասխանող լուրեր չտարածել, իսկ վերջին հոդվածն էլ խնդրել էր ընդհանրապես հեռացնել կայքից, սակայն հրաժարվել էին: Երգչուհին դիմել էր դատարան, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը վճռել էր մերժել Լ. Հովհաննիսյանի հայցն ընդդեմ BlogNews.am-ի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ պատասխանողի կողմից իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու եւ պատասխանի հրապարակման պարտավորեցնելու պահանջների մասին:
Դերասանը ծեծի ենթարկվեց
2012 թ. դեկտեմբերի 5-ին էլ Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի հարակից բենզալցակայանում, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), ծեծի էին ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը եւ նրա եղբայրը` Արտյոմ Գրիգորյանը: Պատճառը եղել էր հերթը. երբ մի քանի տղաներ նրանցից առաջ էին ընկել, դերասանը զգուշացրել էր հերթ կանգնել: Պատմությունը ավարտվեց առանց իրավապահների միջամտության:
Ահա այսպես հայտնիները տարբեր մեթոդներով պայքարում են իրենց հեղինակության համար:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ