Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի հետ կապված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերին արդեն իսկ ստեղծվելու է որոշակի հարթակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետ Կարապետյանը հայտարարել է Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Այդ հարցում մենք բազմաթիվ փորձեր ենք արել՝ եղել են և՛ հաջողակ բանակցություններ, և՛ անհաջող բանակցություններ, սակայն միանշանակ այդ հարթակը ստեղծելու ենք: Մոտ ժամանակներս Իրան կայանալիք այցի ժամանակ խոսելու ենք այդ մասին: Նաև վերջերս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդականի հետ և այս հարցերը քննարկվել էին»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև Իրանի կողմից հայկական արտադրության էլեկտրաէներգիայի ուղիղ գնման հնարավորությանը: «Այս պահին որևէ բանակցություններ չեն վարվում, եթե լինի նման առաջարկ, որ գնային համեմատականով մեզ համար ձեռնտու լինի՝ մեծ սիրով»,- ընդգծել է ՀՀ վարչապետը