Երբ բանկը գործարան է շահագործում, իսկ մարդկանց առողջությունը հետին պլանում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը գնալով վերածվում է բանկային մեծ երկրի, որի քաղաքացիները կախվածության մեջ են այդ ֆինանսական կառույցներից: Այսօր Հայաստանում դժվար է գտնել որեւէ ընտանիք, որը չունենա վարկ: Իսկ բանկից վարկ վերցնել նշանակում է լինել նրանց գերի: Բանկերը նաեւ շատ ձեռնարկություններ են տնօրինում, որոնք տարբեր պատճառներով գրավ են դրվել եւ դարձել բանկի սեփականություն: Ու հաճախ բանկերը կառավարում են այնպիսի ոլորտներ, որոնք վնասակար են մարդու առողջությանը:

Օրինակ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն նաեւ էկոլոգիական վտանգ է ներկայացնում. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայբիզնեսբանկ»-ը նախորդ տարի ձեռք էր բերել Հրազդանի ցեմենտի գործարանն ու այսօր այն աշխատեցնում է՝ առանց համապատասխան կանոնները պահպանելու, մասնավորապես, բնակիչների պնդմամբ, ցեմենտ է արտադրում` առանց ֆիլտրերը աշխատեցնելու՝ այդպես աղտոտելով շրջակա միջավայրը: Գործարանում տեղակայված էլեկտրական եւ թեւքավոր ֆիլտրերը, որոնք չափազանց շատ հոսանք են ծախսում, գործարանի տնօրինության կողմից ողջ աշխատանքային օրվա ընթացքում անջատված են մնում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ փաստը չի հերքել նաեւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ հավելելով, որ նման դեպքերում, երբ գործարանն առանց ֆիլտրերի է աշխատում, եւ երբ մարդկանց կողմից իրենք դժգոհություններ են ստանում, այդ մասին անմիջապես ահազանգում են բնապահպանության նախարարության մարզային տարածքային տեսչությանը: Բայց հիմա չեն կարող ահազանգել, քանի որ բնապահպանության նախարարության մարզային տարածքային տեսչությունը լուծարվել է:

Ու հիմա, փաստորեն, չկա որեւէ կառույց, որ կվերահսկի այս ընկերությանն ու կկանխի սխալները: Իսկ թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատեր «Հայբիզնեսբանկ»-ը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին, հետեւաբար այս ընկերությունը գործում է արտոնյալի կարգավիճակով: Իսկ մարդկանց առողջությունը հետին պլանում է:

Հ. Գ. Նախկինում «Հրազդան ցեմենտը» պատկանում էր գործարար Միքայել Բաղդասարյանին, որը սնանկացավ, չարողացավ վարկերը մարել, գործարանն անցավ «ՎՏԲ Հայաստան» բանկին, ապա «Հայբիզնեսբանկը» գնեց այն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս