Գյուղից եկել ենք քաղաք, էշ ու գոմեշ չունենք, հիմա մեքենա՞ էլ քաղաքում չունենանք. փորձագետը` ավտոմեքենա ներմուծողների պահանջի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի փաստ է, որ աշխարհի ամենատարբեր երկրներում 10-15 տարվա վաղեմության ավտոմեքենաները ներկրվում են Հայաստան, աղտոտում մեր օդը եւ տարիներ անց դառնում անպիտան մետաղաջարդոններ: Ինչի արդյունքում էլ Հայաստանը համարվում է ավտոմեքենաների «գերեզմանոց»:

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ ավտոմեքենաներ ներկրող ընկերությունները այս առիթով դիմել են Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին: Բացի այս, նրանք հանդիպել էին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ եւ քննարկել հնացած ավտոպարկին առնչվող խնդիրները, այդ թվում նաեւ երթեւեկության անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցեր: Բանն այն է, որ մեքենաների 90 տոկոսից ավելիի առք ու վաճառքի գործարքները կատարվում են ֆիզիկական անձանց միջոցով: Իսկ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներկրվող մեքենաների գերակշիռ մասը 10-ը տարուց ավելի հին արտադրության են, որոնց արտանետումները բնապահպանական տեսանկյունից շատ են:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ամենի արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ օրենսդական փաթեթ է մշակում: Բայց մյուս կողմից մեր երկրում քաղաքացիները վճարունակ չեն, հետեւաբար թանկարժեք մեքենաների գնորդներ, մեղմ ասած, դժվար է գտնել:
Օրինակ փորձագետ Սեյրան Մինասյանին խիստ զայրացրել է ավտոներկրողների ձեռնարկած քայլերը: Նա մեզ հետ զրուցում կարծիք հայտնեց, որ մեքենաների արտանետումների մասով Հայաստանում լուրջ խնդիր չկա: «Այսինքն հիմա մեքենա էլ չգնենք, հա: Չէ որ ես 2000 դոլարով կարողանում եմ ճապոնական մեքենա գնել ու կյանքիս որակը մի քիչ բարելավել: Դա կեղծ թեմա է, մի քանի մոնոպոլիստներ ուզում են գերիշխող դիրք գրավեն շուկայում: Դա հակաժողովրդական առաջարկ է: Գյուղից եկել ենք քաղաք էշ ու գոմեշ չունենք հիմա մեքենա էլ քաղաքում չունենանք, ինչ անենք: Դա նշանակում է, որ ես նույնիսկ տասը տարեկան ճապոնական ավտոմեքենա ունենալու հույս այլեւս չեմ ունենալու, որովհետեւ ես գիտաշխատող եմ եւ իմ աշխատավարձը պաշտոնապես 74 հազար 800 դրամ է»,- վրդովված նկատեց մեր զրուցակիցը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս