ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի` Կառավարական 2 մասնաշենքի, որը գնվել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդ Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության կողմից, օտարման հետ կապված գործարքներն արդեն ավարտվել են:
Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության` այս ամենի արդյունքում տնտեսվել է 50 մլն 369 հազար դրամ: Եւ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությունից պահանջում է տնտեսված գումարը ծախսել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման վրա:
Բանն այն է, որ ըստ պետական գույքի կառավարման վարչության` իրենք 2005 թվականից տեղակայված են Տիգրան Մեծի 4 հասցեում եւ գործունեությունն իրականացնում են շենքի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ հարկերում գտնվող տարածքներում, որտեղ իբր 12 տարի նորոգման աշխատանքներ չեն իրականացվել:
Վարչության կողմից զբաղեցված տարածքները գտնվում են անմխիթար վիճակում, այս պատճառով էլ խիստ անհրաժեշտություն է առաջացել դրանք հիմնանորոգել:
Ըստ պետական գույքի կառավարման վարչության` իրենց կողմից զբաղեցրած տարածքների սանհանգույցների սալիկները կիսաքանդ են, տեղադրված զուգարանակոնքերը եւ լվացարանները մասամբ շարքից դուրս եկած են, ջրամատակարարման համակարգերը անսարք են, բացակայում են օդափոխման տարրական պայմանները, միջանցքները, աստիճանավանդակները չեն ջեռուցվում, գրասենյակային տարածքներն աչքի են ընկնում մրոտված, աղտոտված պատերով, երկարատեւ ծառայությունից սեւացած-մաշված եւ որոշ տեղերում քանդված մանրահատակով:
Պետական գույքի կառավարման վարչությունը նաեւ հաշվարկներ է կատարել: Արդյունքում նախատեսվում է իրականացնել շուրջ 46 մլն 811 հազար դրամի հիմնանորոգման աշխատանքներ: