Վրաերթի հետևանքով 9-ամյա երեխա է մահացել. երիտասարդ վարորդը դիմել է փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան:

Դպրոցականը վրաերթի է ենթարկվել 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհին, որի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, անչափահասին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով հանդիսանում է 1991թ. ծնված երիտասարդ:

Մասնավորապես՝ մինչդատական վարույթում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1991թ. ծնված երիտասարդը, 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, իր վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված Կապան քաղաքի բնակչուհուն, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է։ Վարորդը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:




Լրահոս